
«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՐՇԱՎԸ
Անհապաղ դադարեցնել ՀԱՍԵ, Վեհափառ Հայրապետի և հոգևորականների դեմ սանձազերծած արշավը և որևէ պատրվակով այլևս երբեք չմիջամտել Եկեղեցու գործերին, ներքին կյանքին և ծեսերին։
Անհապաղ ազատ արձակել անազատության մեջ գտնվող հոգևորականներին և դադարեցնել նրանց ապօրինի քրեական հետապնդումը։
Ապօրինաբար զավթված Հովհաննավանքը անհապաղ վերադարձնել Մայր Աթոռի տնօրինությանը։ [Հավելում, 14 հունվարի, 2026]. Անհապաղ վերադարձնել Մայր Աթոռի տնօրինությանը ապօրինաբար զավթված Թալինի Սբ Աստվածածին եկեղեցին, Մասիս քաղաքի Սբ Թադեոս եկեղեցին և հովվատունը։
Վերականգնել «Շողակաթ» հեռուստաընկերության հանրային կարգավիճակը և եթերը։
Վերականգնել Վեհափառ Հայրապետի Ամանորի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստատեսությամբ իր ավանդական ժամին (դեկտ. 31, ժ. 23։40)։
Հաշվի առնելով, որ վերոնշյալ հակաեկեղեցական արշավը կոպտորեն խախտում է ՀՀ բազում քաղաքացիների՝ հոգևորականների և հավատացյալների, իրավունքները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում ենք կատարել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքով սահմանված իր լիազորությունը.
Ընդունել սույն հայտարարությունը որպես մարդու իրավունքների խախտման մասին բողոք և Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակաեկեղեցական արշավի ընթացքում կատարված խախտումների քննություն նախաձեռնել՝ հոգևորականների և հավատացյալների ոտնահարված իրավունքների խախտումների դեպքերը բացահայտելու և գրանցելու համար։
Պատրաստել և հրապարակել արտահերթ զեկույց` նախորդ կետով նկարագրած իրավունքների խախտումների վերաբերյալ։
Հրապարակային և աներկբա գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի և իր որոշ կողմնակիցների հանցավոր գործողություններին։
Տեղեկացնել դրանց մասին համապատասխան միջազգային գործընկերներին։
Ազգային ժողովի պատգամավորներից պահանջում ենք.
Հրապարակավ և աներկբայորեն դատապարտել Նիկոլ Փաշինյանի և իր որոշ կողմնակիցների հանցավոր գործողությունները։
Ստեղծել քննիչ հանձնաժողով և քննել Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ և իշխանական այլ լծակների ապօրինի օգտագործումը հակաեկեղեցական և անձամբ Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված արշավում։
Գիտակցելով ԵՄ աջակցության կարևորությունը Նիկոլ Փաշինյանի համար` հորդորում ենք ԵՄ անդամ երկրների պաշտոնյաներին դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները, ՀՀ իշխանություններից պահանջել մարդու իրավունքների և կրոնական ազատությունների վերաբերյալ Հայաստանի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։
Դիմում ենք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակաեկեղեցական արշավի պատճառով ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերն ուշադրության կենտրոնում պահելու և դրանք դատապարտելու կոչով։
Առաջարկում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրենին, նույն կառույցի կրոնի և հավատքի ազատության հարցերով փորձագիտական խորհրդի անդամներին շուտափույթ կերպով և բազմակողմանիորեն քննել ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերը և արդյունքների մասին տեղեկացնել ԵԱՀԿ ղեկավարությանը։
21 դեկտեմբերի, 2025թ.»
Ստորագրողների ցանկի հղումը` մեկնաբանության մասում: