26 հունվարի 2026 – 15:14 AMT
PanARMENIAN.Net – Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարին նախատեսվող այցը Հարավային Կովկաս ունի կոնկրետ նպատակ՝ կապված TRIPP-ի հետ։
«Ուստի տրամաբանական է, որ դրա հասցեատերերը պետք է լինեն Ադրբեջանն ու Հայաստանը: Էլ ի՞նչ կարող եմ ասել»,-նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Վրաստանը ներգրավված չէ այցի երթուղում, հայտնում է Caucasus-chronicle-ը:
Ճշգրտող այն հարցին, թե ինչու Վրաստանը չկա օրակարգում, Կոբախիձեն պատասխանել է․ «Դա նրանց որոշումն է»:
«Մեր տեղեկություններով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավկովկասյան այցը նվիրված է Զանգեզուրի թեմային, ուստի տրամաբանական է, որ դրա հասցեատերերը պետք է լինեն Ադրբեջանն ու Հայաստանը:
Գիտեք, ինչ բարդ են մեր հարաբերություններն ԱՄՆ հետ: Այդ կոնտեքստը ստեղծել է Բայդենի վարչակազմը: Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները: Մենք համբերատար սպասում ենք: Հայտարարել ենք, որ պատրաստ ենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ծավալել»,-ընդգծել է Կոբախիձեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտնել էր Truth Social հարթակում, որ փոխնախագահ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի քաղաքական ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար։ Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագրի պահպանման համար։