«Ես դատվեցի որպես հայ՝ չնայած իմ անմեղությանը». Ադրբեջանից վերադարձած Գևորգ Սուջյանը խոսել է իր գերության մասին

Ադրբեջանական գերությունից հունվարի 14-ին Դավիթ Դավթյանի, Վիգեն Էուլջեքջյանի և Վագիֆ Խաչատրյանի հետ վերադարձած Գևորգ Սուջյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասն ներկայացրել է իր հնգամյա անազատության և Բաքվի կողմից իրականացված հայերի դեմ «դատավարություններից»

Նրա գնահատմամբ՝ իր նկատմամբ իրականացված գործընթացները զուրկ էր իրավական հիմքից և իրեն դատել են բացառապես որպես հայ և թշնամի։

Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելու հաջորդ օրը, դեպի Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս:

Ադրբեջանում երկու հայերն էլ դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման՝ «զենքի ապօրինի պահման» և «լրտեսության» շինծու մեղադրանքներով:

Հոգեբանական ճնշումներ և ապօրինի դատավարություն

Սուջյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանում իր իրավունքները որևէ կերպ պաշտպանված չէին, իսկ ողջ «դատավարական գործընթացը» կրել է ձևական և ապօրինի բնույթ։ Նա նշել է, որ գերի ընկնելուց հետո իրեն հիմնականում պահել են խցում, որտեղից դուրս է եկել միայն «դատավարության» ժամանակ։

«Աչքերս կապած տարել են դատարան, դատարանում իրենք իրենց խոսքն ասել են, հաշվի չեն առել ընդհանրապես մեր խոսքը, բերել, գցել են խուց, հետո նորից դատարան, պատժաչափը տվել են, բերել են հետ խուց», – ասել է Սուջյանը։

Նրա խոսքով՝ չնայած իրեն տրամադրվել է պետական փաստաբան, սակայն հենց ադրբեջանցիներն են խոստովանել, որ գիտեն նրա անմեղության մասին, բայց չեն կարող ազատ արձակել։

Սուջյանը պահանջել է ներկայացնել իր մեղքն ապացուցող փաստեր՝ հայտարարելով, որ պատրաստ է կրել ցանկացած պատիժ, եթե մեղքն ապացուցվի, սակայն նրան պատասխանել են, որ գիտակցում են իր անմեղությունը, բայց նա պետք է մնա կալանքի տակ այնքան ժամանակ, քանի դեռ «միջպետական հարցերը չեն լուծվել»։

«Ասել եմ՝ եկեք մի փաստ ցույց տվեք, ապացուցեք իմ մեղքը, ես տղամարդ եմ՝ կկրեմ իմ պատիժն առանց որևէ ձայն հանելու, կնստեմ 19 տարի։ Ասում են՝ դու մեղք չունես, բայց պետք է մնաս, որ մենք ձեր պետության հետ հարցեր լուծենք։ Իմ կյանքից ու առողջությունից է գնացել այդ 5 տարի 2 ամիս 3 օրը։ Ոչ մեկ չի պատկերացնում՝ ինչ տանջանք է», – պատմել է Սուջյանը։

Նա նշել է, որ փաստաբանին տեսել է միայն դատարանում՝ մինչև դատավարության ավարտը։

Սուջյանի խոսքով՝ նա գերության շրջանում սեփական գիրքն է գրել։ Այդ գիրքը Սուջյանը փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով փոխանցել Հայաստան, սակայն այնտեղից հայտնել են, որ ձեռագիրը նախ պետք է տրամադրել Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությանը՝ ստուգման համար, և միայն դրանից հետո հնարավոր կլինի թույլատրել ուղարկումը։ Նա փոխանցել է գիրքը, բայց այն իրեն չեն վերադարձրել։ Սուջյանը խոստացել է ՀՀ-ում գրել գիրքը և տեղեկացրել է, որ գրքի սցդնարիվ նկարահանվելու է ֆիլմ՝ «Կյանքի և մահվան խաչմերուկը» խորագրով։

Նա նաև անդրադարձել է գերության ընթացքում կիրառված հոգեբանական ճնշումներին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պարբերաբար փորձել է կոտրել գերիների կամքը։ Ըստ Սուջյանի՝ նրանց համակարգված կերպով ներշնչել են, թե իբր Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկում նրանց վերադարձնելու համար և չի հոգում իր քաղաքացիների մասին։

«Երբ լսում ես, որ ասում են՝ պետությունը չի մտածում ձեր մասին, ձեր վրա թքած ունեն… այդպիսի քարոզչություն էին տանում, ու մենք հոգեպես կոտրվում էինք։ Մտածում էինք, որ էլ այնտեղից դուրս չենք գալու, որ չգիտենք՝ ինչ է սպասվում մեզ, ո՞նց ենք շարունակելու այսպես ապրել. շատ ահավոր դժվար է»։, — ընդգծել է նա՝ հավելելով, որ ընտանիքի հետ որևէ կապի բացակայությունը ամենածանր փորձություններից մեկն էր:

Վերադարձած հայրենակիցն առանձնահատուկ անդրադարձել է Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործերին, որոնց հետ նա գտնվել է նույն բանտում։ Նրանք գերեվարվել էին 2020 թվականի հոկտեմբերին և, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ըստ որի բոլոր գերիները պետք է վերադարձվեին, մինչ օրս մնում են ադրբեջանական բանտերում՝ դատապարտված 20 տարվա ազատազրկման։

Խաղաղությունը Բաքվի հետ անհնար է մինչև բոլոր գերիների վերադարձը

Սուջյանի համոզմամբ՝ Ադրբեջանի հետ հաշտություն հնարավոր չէ, քանի դեռ այնտեղ կան հայ գերիներ։

«Հիմա եթե Ադրբեջանը խոսում է հաշտությունից, քանի դեռ մեր զավակները գտնվում են թշնամու ձեռքում, ես չեմ կարող նրա ձեռքը սեղմել», – ասել է նա։

Իր խոսքում Սուջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ իր ընտանիքին աջակցելու համար։ Նա նաև հավելել է, որ վարչապետը զանգահարել է իրեն, և նրանք շուտով հանդիպում են ունենալու:

Սուջյանի բնորոշմամբ՝ գերության մեջ անցկացրած օրերը շատ դաժան էին, սակայն իրեն հաջողվել է դիմանալ այդ փորձությանը։ Նա նշել է, որ չի կարող անկեղծ համարել Ադրբեջանի կողմից հնչող «հաշտեցման» մասին հայտարարությունները, քանի դեռ հայ գերիները շարունակում են մնալ այնտեղ՝ որպես ճնշման և վրեժխնդրության գործիք։

Սուջյանը կոչ է արել հասարակությանը լինել միասնական և սատարել Ադրբեջանում պահվող բոլոր գերիների վերադարձին՝ անկախ անձնական վերաբերմունքից կամ քաղաքական հայացքներից։

Նա հայտարարել է, որ անկախ կրած տառապանքներից՝ շարունակելու է պայքարել գերիների ազատ արձակման համար։

Կարդացեք նաև՝

Վիգեն Էուլջեքչյանը երջանիկ է, սակայն առողջական խնդիրներ ունի, չի կարողանում նորմալ քնել. Լինդա Էուլջեքչյան. ԶԼՄ

Leave a Comment