Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հայտարարել է իր մասնակցության մասին Գլենդելում կառուցվող Հայ-ամերիկյան թանգարանի և Կալիֆոռնիայի մշակութային կենտրոնի մշտական ու ժամանակավոր ցուցադրությունների ստեղծման աշխատանքներին։
Նրա խոսքով՝ Կալիֆոռնիայում թանգարանային համալիրն առանձնանալու է ժամանակակից դիզայնով և ինքնատիպ գիտացուցադրական հայեցակարգով։ Այն նպատակ ունի նորովի իմաստավորել և հանրայնացնել հայկական մշակութային ժառանգությունը։
Դեմոյանն ընդգծել է, որ մեծ պատասխանատվությամբ է միացել հավաքածուների ձևավորման և ցուցադրական լուծումների մշակմամբ զբաղվող թիմին։
Թանգարանում առանձնահատուկ տեղ է հատկացվելու ԱՄՆ հայ համայնքի պատմությանն ու ժառանգությանը։
Ակնկալվում է, որ Հայ-ամերիկյան թանգարանը կբացվի հաջորդ տարի և կդառնա Միացյալ Նահանգներում հայկական ներկայությունը ներկայացնող առանցքային մշակութային հարթակներից մեկը։
Բացի այդ, թանգարանի հետ համատեղ նախատեսվում է իրականացնել մշակութային միջոցառումներ՝ նվիրված ԱՄՆ անկախության 250-ամյակին։
