Փաստաթղթերով գութանը կա, իրականում՝ ոչ․ ի՞նչ է կատարվում Ախուրյանի համայնքապետարանում

Ախուրյանի համայնքապետարանը 2025 թվականի հոկտեմբերի 2-ին պայմանագիր է կնքել Վանաձոր քաղաքում գործող «ՉԻՆՎԱՆ» ընկերության հետ, որը զբաղվում է գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծմամբ և մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ։

Պայմանագրով նախատեսվել է Ախուրյանի համայնքապետարանի կարիքների համար գութանի ձեռքբերում, որի համար համայնքային բյուջեից նախատեսվել է 2 մլն 600 հազար դրամ ֆինանսական միջոց։

Սակայն Oragir.News-ի տեղեկություններով՝ գութանը գոյություն ունի միայն փաստաթղթերով, բայց իրականում այն համայնքում չկա։ Գյուղացիները պնդում են, որ որևէ գութան չեն տեսել և նույնիսկ գաղափար չունեն, թե որտեղ պետք է այն շահագործվեր։

Ստեղծված անհասկանալի իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը դիմել է Ախուրյանի համայնքապետի խոսնակին։ Ի պատասխան մեր հարցադրմանը՝ խոսնակը նշել է, որ այս պահին տեղեկացված չէ խնդրի մասին և երկուշաբթի կհետաքրքրվի մանրամասներով։

Փաստորեն, համայնքային բյուջեից միլիոնավոր դրամների հատկացման հարցում համայնքապետարանում չկա հստակ պատասխան, թե արդյոք գութանը մատակարարվել է, որտեղ է այն գտնվում և ով է պատասխանատու դրա ընդունման ու շահագործման համար։

Նշենք, որ Oragir.News-ը պարբերաբար ահազանգեր է ստանում Ախուրյանի համայնքապետարանի գործունեության ընթացքում թույլ տրված հնարավոր խախտումների վերաբերյալ, որոնց կանդրադառնանք առաջիկա հրապարակումներում։

Կից՝ փաստաթղթերի նկարները:

Leave a Comment