Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ, նա պետք է մնա «բուֆերային գոտի» դաշինքի և Ռուսաստանի միջև, քանի որ նրա մոտենալը ռուսական սահմաններին ռազմական հակամարտության մշտական սպառնալիք կստեղծի։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով երկրի հարավ-արևմուտքի Կապոշվար քաղաքում իշխող «Ֆիդես-հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության ակտիվիստների հանդիպմանը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ձգտումը դարձել է ներկայիս հակամարտության գլխավոր պատճառներից մեկը, որը կարող է կարգավորվել միայն անվտանգության ոլորտում Ռուսաստանի շահերը հաշվի առնելով: «Այլ լուծում չեմ տեսնում, քան ընդունել, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չեն կարող իրենց զորքերը հասցնել Ռուսաստանի սահմաններին, քանի որ ռուսները միշտ դրան կարձագանքեն ռազմական գործողությունների միջոցով»,-ասել է կառավարության ղեկավարը, որի ելույթը հեռարձակել են հունգարական հեռուստաալիքները:
Օրբանը պարզաբանել է, որ հենց այդ պատճառով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պետք է լինի «ինչ-որ բուֆերային գոտի»:
«Եվ մենք պետք է պայմանավորվենք, թե ինչպես Ուկրաինա կոչվող այս տարածքը, որը նախկինում արդեն բուֆերային գոտի էր, իսկ այժմ դարձել է ռազմական գործողությունների գոտի, կարող է կրկին բուֆերային պետություն դառնալ»,-հայտարարել Է վարչապետը:
Նա կարծում է, որ եթե նման պայմանավորվածության հասնել չհաջողվի, ապա «դրա այլընտրանքը կլինի չդադարող պատերազմը»:
Ավելի վաղ Օրբանն արդեն հայտարարել էր, որ Ուկրաինային չպետք է ընդունել ՆԱՏՕ և միջազգային անվտանգության շահերից ելնելով՝ նրան անհրաժեշտ է «բուֆերային պետության» դերը վերապահել դաշինքի և Ռուսաստանի միջև։