24 հունվարի 2026 – 13:53 AMT
PanARMENIAN.Net – Մյունխենի Բարձրագույն դատարանը հունվարի 22‑ին «ադրբեջանական գործով» մեղավոր է ճանաչել նախկին գերմանացի պատգամավոր, Քրիստոնյա-ադեմոկրատական միության (ՀԴՍ) անդամ Աքսել Ֆիշերին՝ կաշառք ստանալու համար:
Նա դատապարտվել է մեկ տարի և երկու ամիս պայմանական ազատազրկման։ Ֆիշերին պարտավորեցրել են վճարել 32,000 եվրո՝ 20,000 եվրոն որպես կաշառքի մի մասի վերադարձ և 12,000 եվրո որպես նվիրատվություն Die Stiftung Opferhilfe հիմնադրամին, որը զբաղվում է հանցագործությունների զոհերի աջակցությամբ։ Ավելին, դատարանը երկու տարով արգելել է նրան մասնակցել պետական պաշտոնների թեկնածության մրցույթներին, գրում է Deutsche Welle-ն:
Մյունխենի դատարանը հաստատել է, որ Ֆիշերը ստացել է գումարներ Ադրբեջանից այդ երկրի շահերը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) առաջ մղելու համար։ Ըստ դատարանի մամուլի հաղորդագրության, 2016 թվականին ԵԽԽՎ նիստում Ղարաբաղի հարցի շուրջ քվեարկության ժամանակ նա զբաղեցրել է Ադրբեջանի համար նպաստավոր դիրք և իր ելույթում աջակցություն հայտնել Բաքվին։ ԵԽԽՎ‑ում իր աշխատանքի ընթացքում նա բազմիցս Բաքվի ներկայացուցչությանը փոխանցել է գաղտնի փաստաթղթեր։
Դատավճռի հիմնավորման մեջ նախագահող դատավորն ասել է, որ Ֆիշերը ոչ ուշ, քան 2011 թվականի սկզբին, ստացել է կանխիկ գումար՝ ընդհանուր 79,000 եվրոյի չափով։ Բայց դատարանի կարծիքով, Ադրբեջանից կատարված վճարումները միայն 2014 թվականի սեպտեմբերին ընդունված նոր օրենսդրությամբ են դարձել քրեական պատասխանատվության ենթակա։
Աքսել Ֆիշերը մշտապես հերքել է իր մեղքը, իսկ նրա պաշտպանները մեղադրել են դատախազությանը քննությունը միակողմանի վարելու մեջ։ Քանի որ նախկին պատգամավորը երկար ժամանակ չի ներկայացել դատվավարությանը, 2025 թվականի դեկտեմբերի վերջին նրան ձերբակալել են։ Դատարանի կարծիքով, քաղաքական գործիչը փորձել է խուսափել առաջադրված մեղադրանքներից:
Միջազգային Transparency International կազմակերպությունը հայտարարել է, որ Աքսել Ֆիշերի դատավճիռը «կմտնի իրավունքի պատմության մեջ»։
«Առաջին անգամ նախկին բունդեսթագի պատգամավորը ճանաչվել է մեղավոր որպես պատգամավորի մանդատակիր կաշառք ստանալու համար», – ասվում է TI‑ի հայտարարությունում։
2025 թվականի հուլիսին նույն գործով Բավարիայի Քրիստոնեա‑Սոցիալական միության նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները դատապարտվել է 9 ամսվա պայմանական ազատազրկման: