UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Complex-ին տված հարցազրույցում մեկնաբանել է կազմակերպության նախագահ Դանա Ուայթի վրա ֆինանսական ազդեցության հնարավորությունների մասին շրջանառվող լուրերը։
Զրույցի ընթացքում լրագրողը հիշատակել է այն խոսակցությունները, ըստ որոնց՝ իբր Ադրբեջանի իշխանությունները գումար են վճարել Դանա Ուայթին, որպեսզի վերջինս խոչընդոտի Ծառուկյանի՝ չեմպիոն դառնալուն։ Մարզիկը կտրականապես հերքել է այդ վարկածը՝ անվանելով այն անհեթեթություն։
«Դա կատարյալ հիմարություն է։ Ոչ ոք չի կարող գնել Դանային, դա չափազանց բարդ է։ Եթե դա հնարավոր լիներ, ես վաղուց արդեն կկաշառեի նրան, նույնիսկ 500 միլիոն դոլար կտայի, մենք կկապվեինք հայ միլիարդատերերի հետ», – հայտարարել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը ներկայում զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։