Անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, որն անցած ամառ «Լիվերպուլից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից։ Անգլիացու կարիերան Իսպանիայում հարթ չի ընթանում, նրան պարբերաբար հետապնդում են վնասվածքները, ինչը խոչընդոտում է նրա հաստատմանը նոր թիմում։
Ինչպես հաղորդում է Defensa Central-ը, Տրենտը մտադիր է փոխել ակումբային գրանցումը և արդեն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ նախապատրաստվելով ամառային տրանսֆերային պատուհանին։ Ավելին, աղբյուրի փոխանցմամբ՝ Ալեքսանդր-Առնոլդը ցանկանում է կարիերան շարունակել գերմանական Մյունխենի «Բավարիայի» կազմում։
Տրանսֆերի իրականացման համար անհրաժեշտ է «Ռեալի» համաձայնությունը, ինչը լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ։ Ֆուտբոլիստն ունի երկարաժամկետ պայմանագիր՝ նախատեսված մինչև 2031 թվականի կեսերը, որում ամրագրված է աստղաբաշխական՝ 1 միլիարդ եվրո հրաժարագին։
Բացի դրանից, մադրիդյան ակումբում դեռևս հավատում են, որ Ալեքսանդր-Առնոլդը կկարողանա վերադառնալ բարձր մակարդակի և դառնալ թիմի առանցքային խաղացողներից մեկը։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը «Ռեալի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։