Թուրքիան և Ադրբեջանը համակարգում են իրենց գործողությունները. թուրքագետ

Թուրքիան և Ադրբեջանը համակարգում են իրենց գործողությունները. թուրքագետ

Օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել էր հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Ըստ նրա, այս երկու գործընթացներում բանակցությունները վարվում են առանձին, և Հայաստանը երկու հարցերը դիտում է առանձին կարգավորման գործընթացում։ 

Radar Armenia-ի հետ զրույցում թուրքագետ Նելլի Մինասյանը նշեց, որ թեև Թուրքիայի և Ադրբեջանի հետ իրականացվում են առանձին գործընթացներ, ակնհայտ է՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ կապված իրենց քաղաքականությունը շարունակում են համակարգել։

«Ադրբեջանի դեպքում տեսնում ենք որոշակի առևտրային հարաբերությունների աշխուժացում կամ դրանց մեկնարկ, մինչդեռ Թուրքիայի պարագայում դա դեռ չի նկատվում»,-նշեց թուրքագետը։ 

– Որքանո՞վ է հաջողվում երկու գործընթացները միմյանցից առանձին վարել, թե՞, այնուամենայնիվ, փոխկապակցվածություն կա։ 

-Հայկական կողմը տասնամյակներ շարունակ փորձել է առանձնացնել հարաբերություններն այդ երկու երկրների հետ, սակայն, իմ կարծիքով, այդպես էլ չի հաջողվել։ Թուրքիան և Ադրբեջանը համաժամանակյա համակարգում են իրենց գործողությունները, ինչը երևում է նաև վերջին օրերի հայտարարություններից՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի հետ, ինչպես նաև Իլհամ Ալիևի՝ օրերս արած հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ գործընթացները իրականում փոխկապակցված են։ 

– Որքանո՞վ է իրական այս տարի սահմանների բացման հեռանկարները՝ հաշվի առնելով նաև Թուրքիայից հնչած հայտարարությունները։

– Ադրբեջանի հետ սահմանը, ենթադրում եմ, կբացվի միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, մինչդեռ Թուրքիայի դեպքում, կարծես, առաջիկայում սահմանը կբացվի երեք երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Ամեն դեպքում, ամբողջական սահմանի բացումը մասին կդժվարանամ ասել։ 

– Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում այս գործընթացին:

– Թուրքական կողմը միշտ էլ ռազմավարական խնդիրներ է դրել, երբ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել է Ադրբեջանի գործոնով։ Ըստ իմ դիտարկումների, ներկայումս աշխարհում տեղի ունեցող գործընթացները կարող են ազդել այդ հարաբերությունների վրա, սակայն ռիսկերի չափը ես դժվարությամբ կարող եմ գնահատել։

Լաուրա Հարությունյան

 

Leave a Comment