Կոտոլյան․ Ադրբեջանից ներկրված բենզինը համապատասխանում է ԵԱՏՄ պահանջներին

Կոտոլյան․ Ադրբեջանից ներկրված բենզինը համապատասխանում է ԵԱՏՄ պահանջներին

23 հունվարի 2026 – 14:31 AMT

PanARMENIAN.Net – Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Ադրբեջանից ներկրված բենզինի որակին, ասել է, որ այն համապատասխանում է ԵԱՏՄ պահանջներին:

«Մենք հարցում էինք արել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին, որտեղից էլ տեղեկացել ենք, որ փորձանմուշ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է։ Ադրբեջանից ներկրված բենզինի խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, թեՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը որևէ գործառույթ չի իրականացնում, երբ այս կամ այն ապրանքը հատում է ՀՀ սահմանը։

Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը, որին հաջորդել է ևս 2 խմբաքանակի ներմուծում:

Ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։

Leave a Comment