23 հունվարի 2026 – 14:44 AMT
PanARMENIAN.Net – Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, արձագանքելով ՀՀ կառավարության հաղորդագրությանը, նշել է, որ կառավարությունը Ստոկհոլմում կրած պարտությունը հաղթանակ է ներկայացնում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Կառավարությունը հայտնել է, որ Ստոկհոլմի արբիտրաժը ամբողջությամբ մերժել է Կարապետյանների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները ՀԷՑ-ի գործով։
«Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում:
Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից:
Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը:
Որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանումը շուտով կներկայացնենք միջազգային փաստաբանական խմբի հայտարարությամբ»,-ասվում է գրառման մեջ:
Մեկ այլ գրառմամբ Կարապետյանը հայտնել է, որ ՀՀ կողմից թույլ տրված բոլոր խախտումները կդիտարկվեն արբիտրաժային քննության ավելի ուշ փուլում՝ հիմնական վեճի քննարկման շրջանակում, և «կգնահատվեն որպես ՀՀ կողմից Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրի խախտումը ծանրացնող հանգամանքներ»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը:
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի Առևտրի Պալատի (ՍԱՊ) կողմից նշանակված արտակարգ արբիտրը «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության, Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի դիմումի հիման վրա, պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) նկատմամաբ «Էներգետիկայի մասին» օրենքի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի այն դրույթների կիրառությունից, որոնք ընդունվել են 2025 թվականի հուլիսին, ինչպես նաև ձեռնպահ մնալ ցանկացած հետագա քայլերից, որոնք ուղղված են ՀԷՑ-ի էքսպրոպրիացիային (սեփականազրկման)։
Կողմերի միջև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հստակ հաստատել է, որ ՍԱՊ-ի 2023 թվականի Արբիտրաժային կանոնակարգի II հավելվածի 9-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ արբիտրի որոշումը պարտադիր է կողմերի համար և ենթակա է անհապաղ կատարման։
Միևնույն ժամանակ արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէ։
Արբիտրաժային կազմը նաև առանձին ընդգծել է, որ Հայաստանը չի դիմել որոշման չեղարկման կամ փոփոխման խնդրանքով։ Այս հանգամանքը լրացուցիչ հաստատում է Հայաստանի կողմից որոշման պարտադիր ուժի ճանաչումը։
Չնայած Հայաստանի Հանրապետության կողմից արտակարգ արբիտրի որոշման ակնհայտ խախտումներին, ներառյալ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումը, արբիտրաժային կազմը որոշել է սկզբնական այս փուլում գնահատական չտալ այդ գործողություններին»,-ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ կառավարությունը հայտնել էր․ «Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է Կարապետյանների բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ Հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։
Արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է Հայցվոր կողմը։
Այս որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը և համակողմանիությունը՝ ապահովելով, որ հետագա ցանկացած որոշում կկայացվի բոլոր վերաբերելի ապացույցների հիման վրա և Արբիտրաժային տրիբունալի՝ իր իրավազորության և կիրառելի իրավունքի վերաբերյալ գնահատականի համաձայն։
Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճը, ըստ էության, լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից»։