
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) 2025 թվականին մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ արձանագրել է իրավախախտման 617 դեպք։ Այս մասին հայտարարել է տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը՝ նշելով, որ ընդհանուր տուգանքների չափը կազմել է 34 մլն 980 հազար դրամ՝ 2024-ի 31 մլն 650 հազարի համեմատ։
«2025-ին մեր առջև դրված բոլոր խնդիրները կատարել ենք։ 2024 թվականին նշված ուղղությամբ տեսչական մարմնի կողմից արձանագրված իրավախախտումների թիվը կազմել է 397։ 63 դեպքով հաշվարկվել է մթնոլորտային օդին պատճառված վնասի չափը, որը կազմում է 160 մլն 881 հազար դրամ։ Ընդգծեմ, որ արձանագրված իրավախախտման 617 դեպքից միայն 217-ն է գրանցվել Երևանում։ 15 դեպք արձանագրել ենք սորուն նյութերի՝ առանց անթափանց ծածկոցի տեղափոխման ժամանակ։ Սա Երևանի համար դրական ցուցանիշ է, որովհետև երբ այս միջոցառումը նոր էինք սկսում իրականացնել, օրինակ՝ 2021 թվականին, մեկ շաբաթվա ընթացքում 127-ից ավելի դեպք էինք արձանագրել։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր վարորդների մոտ այդ առումով պատշաճ վարքագիծ է ձևավորվում։ Ընդհանուր առմամբ՝ 2025-ին արձանագրվել է իրավախախտման 3303 դեպք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 30%-ով»,- նշել է նա։
Մթնոլորտային օդի պահպանության և աղտոտվածության խնդիրներից խոսելիս՝ տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ ընդհանուր իրավիճակը գնահատում է բավարար։
«Որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք մթնոլորտային օդն իրականում Երևանում աղտոտվածության բարձր մակարդակ ունի, պետք է ստուգաչափված տվյալներ ունենանք։ Այսինքն՝ համապատասխան ստուգաչափված և ճշգրիտ սարքավորումներով չափագրումներ իրականացնենք, և ընդհանուր ֆոնը պարզ լինի մեզ համար։ Օրինակ՝ տեսչական մարմինն իր վերահսկողության ընթացքում օգտագործում է ստուգաչափված PM 2․5 և PM 10 միկրոմասնիկներ չափող սարքեր։ Մենք ունենք այդ սարքավորումները և թիրախային չափագրումներ ենք իրականացնում։ Երևան քաղաքում 225 չափագրում է իրականացվել. նորմայի 5 անգամից ավելի գերազանցում եղել է ընդամենը 5 դեպքում, իսկ 20-25 դեպքով եղել է մինչև 5 անգամ գերազանցում։ Մնացած դեպքերում մենք գերազանցում չենք արձանագրել, հետևաբար՝ վերահսկողության արդյունքներն առնվազն փաստում են, որ բարձր աղտոտվածության խնդիր չունենք»։