23 հունվարի 2026 – 10:25 AMT
PanARMENIAN.Net – Atlantic Council-ն անդրադարձել է ԱՄՆ-ի հովանու ներքո ձևավորված TRIPP նախագծին, որն անցնում է Հայաստանի հարավային հատվածով և «կարող է էապես փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը»։ Նշվում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ այս միջանցքը, որը խոստանում է դառնալ Եվրոպայի և Ասիայի միջև կենսականորեն կարևոր կապող օղակ, կարող է համարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի արտաքին քաղաքականության ամենատպավորիչ նվաճումներից մեկը, հայտնում է Factor.am-ը:
Նշվում է, թե գաղափարը ծնունդ է առել 2025-ին կազմակերպված խաղաղության բանակցությունների ընթացքում։ Ադրբեջանը ձգտել է կյանքի կոչել 2020 թվականի հրադադարի պայմանագրով նախատեսված՝ Նախիջևան մուտքի դրույթը, մինչդեռ Հայաստանը կարևորել է իր տարածքի նկատմամբ ամբողջական վերահսկողության պահպանումը։
Նշվում է նաև, որ Թրամփի վարչակազմը հանդես է եկել նորարար լուծմամբ՝ ամերիկյան գլխավորությամբ գործող կոնսորցիումի միջոցով նախագծել և կառավարել երթուղին՝ հայաստանյան իշխանությունների հետ համաձայնեցված ձևաչափով։ Այս մեխանիզմը միաժամանակ կապահովի Ադրբեջանի մուտքը Նախիջևան և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։
«Մարկո Ռուբիոն և Արարատ Միրզոյանը համատեղ հայտարարությամբ տեղեկացրել են TRIPP Development Company (TDC) նորաստեղծ ընկերության մասին, որն իրականացնելու է նախագծի առաջին փուլը՝ կառուցելով երկաթուղային և ավտոմայրուղային ենթակառուցվածքները։ Ըստ համաձայնագրի, ԱՄՆ-ը TDC-ում ստանալու է վերահսկիչ՝ 74 տոկոս բաժնեմաս՝ 49 տարի ժամկետով, որն այնուհետև 50 տարվա ընթացքում կիջնի 51 տոկոսի։
Այս համաձայնությամբ ԱՄՆ կառավարությունը տրամադրելու է նախնական ֆինանսավորում երթուղու կառուցման համար, փոխարենը TDC-ի միջոցով ստանալով շահույթ ամբողջ ծրագրի ընթացքում՝ տարանցիկ վճարներից և առևտրային ներուժից։ Հայաստանը ստանալու է եկամուտներ TDC-ում ունեցած փոքրամասնության բաժնեմասից և հավաքագրելու է մաքսային ու հարկային մուտքեր երթուղու երկայնքով։
Սպիտակ տունը կարող է ամերիկյան հանրությանը ներկայացնել TRIPP-ը որպես տարածաշրջանում տնտեսական արդյունք ստեղծող դիվանագիտական հաջողություն, իսկ Փաշինյանը՝ որպես որակյալ արևմտյան ներդրումների ներգրավման ճանապարհ։ Այս մոտեցումը համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանը վերածել տրանսպորտային հանգույցի՝ պահպանելով պետական սուվերենությունը։
TRIPP-ը կարող է նաև միջնաժամկետ և երկարաժամկետ օգուտներ ապահովել Վաշինգտոնի, Երևանի և ամբողջ Կասպից տարածաշրջանի համար։ ԱՄՆ-ն, թեպետ առանց գովազդի, աջակցել է Միջին միջանցքի նախաձեռնությանը՝ դիտարկելով այն որպես ցամաքային առևտրի այլընտրանքային ուղի դեպի Ասիա, որն շրջանցում է Ռուսաստանը։ Այդ ուղով կարող է իրականանալ հազվագյուտ մետաղների և հանքանյութերի արտահանում Կենտրոնական Ասիայից։
Տարածաշրջանի երկրները ձգտել են տնտեսական աճի՝ գլոբալ շուկաներին ինտեգրվելու միջոցով, իսկ TRIPP-ը կարող է համալրել այդ երթուղին՝ մեծացնելով տարանցիկ հզորությունները։ Ադրբեջանն ու Ղազախստանը արդեն սկսել են նավահանգիստների զարգացումը՝ առևտրային հոսքերը կառավարելու համար։ TRIPP-ի հաջող մեկնարկը կնպաստի արտադրանքի և հումքի էժան ու արագ փոխադրամիջոցների ստեղծմանը՝ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա։
Միևնույն ժամանակ, նման երթուղու գործարկումը կարող է ստեղծել որոշ ռիսկեր։ Հարավային Կովկասը երբեմն ծառայել է որպես պատժամիջոցներից շրջանցման միջանցք Ռուսաստանի ու Իրանի համար։ Չնայած TRIPP-ը կարող է դառնալ հաջող տարածաշրջանային տարանցիկ ուղի, դրա կենսունակությունը կախված է ԵՄ-Ասիա առևտրային պահանջարկից։ Եթե Միջին միջանցքի ծախսերն աճեն կամ Ռուսաստանի ու Իրանի միջոցով ապրանք փոխադրելու պատրաստակամությունն ավելանա, ծրագիրը կարող է վտանգվել»,-ասվում է հոդվածում:
Նշվում է, որ TRIPP-ի իրագործումը կարևորագույն հանգրվան է նաև վարչապետ Փաշինյանի՝ արևմտամետ ուղղությամբ ձեռնարկած քայլերի շարքերում։ Երեսուն տարի շարունակ Հայաստանը ապավինել է Ռուսաստանին անվտանգության հարցերում, ինչը հանգեցրել է վերջինիս մեծ ազդեցությանը հայկական քաղաքականության վրա, սակայն 2020-ի պատերազմում Ռուսաստանի չմիջամտելը փոխել է իրավիճակը, և Փաշինյանն ուղղված է դեպի համապարփակ խաղաղություն՝ որպես լիակատար անկախության ուղի։
Նշվում է նաև, որ վարչապետը միաժամանակ ամրապնդել է պաշտպանական կապերը Հնդկաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ, սակայն հենց ԱՄՆ-ն է համարվում միակ երկիրը, որը կարող է Հայաստանին ազատել Ռուսաստանի գերիշխանությունից։ ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցություններ վարելով և TRIPP-ի միջոցով ամերիկյան շահը ներգրավելով՝ Փաշինյանն ու Ալիևը ամենազգայուն պայմանավորվածությունը ամրացրել են Վաշինգտոնի ազդեցությամբ։
Հոդվախում ասվում է, որ Ռուսաստանը միակը չէ, որ անհանգստացած է, Իրանը մշտապես ընդգծել է, որ Հայաստանի հետ իր հյուսիսային սահմանի կարգավիճակի ցանկացած փոփոխություն իր «կարմիր գիծն» է։ 2022-ին Թեհրանը զորավարժություններ է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ Բաքվին ուժով տարածք գրավելու փորձի կասկածանքով։ Վերջերս Խամենեիի խորհրդական Ալի Վելայաթին սպառնացել է Հարավային Կովկասը դարձնել «Դոնալդ Թրամփի վարձկանների գերեզմանոց»։
Այնուամենայնիվ, Իրանը ներկայումս գտնվում է թուլացած վիճակում, իսկ ներքին բողոքի ալիքների պայմաններում՝ արձագանքել է միայն մեղմ անհանգստությամբ՝ առանց նախկին սպառնալիքների։ Վերջերս Փաշինյանը Իսրայել է ուղարկել փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին՝ TRIPP-ի համակարգման նպատակով՝ հստակ ցուցադրելով, որ Իրանի պարագայում չկրկնելու Ռուսաստանի սխալը։
«Այս քայլերը տեղի են ունենում բեկումնային պահի՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Փաշինյանը պետք է ցույց տա, որ իր որդեգրած խաղաղության ուղին և Արևմուտքի հետ կապերը տալիս են տեսանելի արդյունքներ։ Արդեն իսկ որոշ նշաններ կան՝ Ադրբեջանը սկսել է Հայաստան մատակարարել նավթ և գազ, ինչը վառելիքի գների մոտ 15 տոկոս անկում է գրանցել։
Նույն ժամանակաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի հետ կայունացող հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը կարող են Հայաստանին դարձնել տարանցիկ երկիր՝ հեշտ մուտքով դեպի եվրոպական շուկաներ։
Մոսկվան, սակայն, արդեն սկսած տեղեկատվական արշավ է ուղղել Փաշինյանի դեմ։ Civilnet-ը հաղորդել է կեղծ լուրերի աճի մասին՝ տարածված անանուն հաշիվների ու ռուսալեզու Telegram ալիքների միջոցով։ Չի բացառվում, որ Ռուսաստանը այս քարոզչական ջանքերը կխորացնի ընտրություններից առաջ»,-ասվում է հոդվածում։
Atlantic Council-ը եզրահանգում է, որ TRIPP-ի իրականացման մեկնարկը մեծ նվաճում է Թրամփի՝ առևտրային կենտրոնացած արտաքին քաղաքականության համար։ Սա համագործակցության արդյունավետ մոդել է, որը կարող է կիրառվել այլ տարածաշրջաններում ևս՝ ամերիկյան բիզնեսներին հնարավորություն տալով կառուցել կարևոր կապեր Միջին միջանցքի շրջանակում։
Նշվում է նաև, որ Ռուսաստանին և Իրանին գործընթացից դուրս թողնելը կնվազեցնի տարածաշրջանային տնտեսական ճնշման լծակները՝ թույլ տալով առաջնորդներին, ինչպես Փաշինյանն ու Ալիևը, իրագործել իրենց երկրների սուվերենության և ազգային շահերի պահպանման նպատակները։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։