1500 դրամի մարտահրավերը․ բաց կոչ Հայաստանի ինֆլուեսերներին և բլոգերներին «Ձեր մեկ օրը նրանց ամբողջ կյանքն է»․ Հրայր Կամենդատյան

«Ձեր մեկ օրը նրանց ամբողջ կյանքն է»

 

Հարգելի՛ բլոգերներ և հանրային դեմքեր,

 

Դուք այն մարդիկ եք, ում ձայնը լսելի է հազարավորների համար: Դուք ունեք ազդեցություն, որը կարող է փոխել իրականությունը: Այսօր ես դիմում եմ ձեզ մի մարտահրավերով, որը քաղաքական չէ, այլ բարոյական:

 

Մեր երկրում հազարավոր թոշակառուներ՝ այն մարդիկ, ովքեր կառուցել են մեր տները, «Նաիրիտը», տեքստիլ հսկաներն ու դպրոցները, այսօր ստանում են մի թոշակ, որը օրական կազմում է ընդամենը 1,500 դրամ:

 

Ես ձեզ մարտահրավեր եմ նետում. Փորձե՛ք ապրել ընդամենը ՄԵԿ ՕՐ 1,500 դրամով:

 

Սա #1500ԴրամիՄարտահրավեր-ն է: Ես խնդրում եմ ձեզ՝ միացե՛ք այս նախաձեռնությանը, գնացե՛ք սովորական խանութ և փորձե՛ք տեղավորվել այդ գումարի մեջ: Ցո՛ւյց տվեք ձեր հետևորդներին.

  Ի՞նչ կարելի է գնել 1,500 դրամով (և ի՞նչն է անհնարին գնել):

 

  Ինչպե՞ս պետք է թոշակառուն ընտրի սննդի և անհրաժեշտ դեղորայքի միջև:

 

  Ինչպե՞ս է հնարավոր պահպանել արժանապատվությունը, երբ գրպանումդ օրական ընդամենը 3 հատ 500 դրամանոց է:

 

Սա գովազդ չէ, սա պայքար է մեր ծնողների պատվի համար:

 

Մենք պահանջում ենք կենսաթոշակների 50% բարձրացում: Մենք պահանջում ենք, որ երկիրը շենացրած մարդը ստիպված չլինի մուրալ իր հացի փողը:

 

Ես արդեն սկսել եմ: Հերթը ձերն է: Ցո՛ւյց տվեք, որ դուք անտարբեր չեք: Ձեր մեկ հոլովակը կարող է դառնալ այն կայծը, որը կստիպի պատասխանատուներին սթափվել:

 

Leave a Comment