Սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված երեխաներ․ կրթական համակարգի չլուծված խնդիրները․ «Դպրություն»

Մարդու իրավունքների պաշտպանը 2025-2026 թթ. ուսումնական տարում հանրակրթության մեջ իրենց տարիքային խմբին համապատասխան միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների իրավունքների ապահովման հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում:

Արձանագրվել են խնդիրներ միանգամից երկրորդ դասարանում ընդգրկված երեխաների իրավունքների ապահովման՝ մասնավորապես երեխայի կրթության, հանգստի և ժամանցի իրավունքի և երեխայի լավագույն շահի պահանջի երաշխավորման հետ կապված: Խնդիրներ են արձանագրվել նաև երեխաների հետ աշխատող մասնագետների հմտությունների, կարողությունների և երեխաների հետ աշխատանքի ընթացքում կիրառվող մեթոդաբանության դիտանկյունից։

Լիլիթ Աղաջանյան

«Իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ մարզերի մի շարք բնակավայրերում ընդհանրապես բացակայում են նախադպրոցական ուսումնական հաստատությունները, կամ դրանց քանակը բավարար չէ, և երեխաներից շատերը չեն հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություն»,– ասում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկվել է անհատական մոտեցում ցուցաբերել հանրակրթության մեջ տարիքային խմբին համապատասխան միանգամից երկրորդ դասարան ընդգրկված յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի կազմակերպման գործընթացը երեխայի լավագույն շահին համապատասխանեցնելու ուղղությամբ։

Արտաշես Թորոսյան

«Սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաների վերաբերյալ դեռևս 2024 թվականի գարնանը կատարվել է իրավական համապատասխան փոփոխություն, որի համաձայն՝ 2025–2026 ուսումնական տարվանից դպրոց ուշ հաճախող երեխաները, եթե չունեն մտավոր զարգացման լուրջ խնդիր, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում։ Այս կարգավորման՝ ուժի մեջ մտնելուն նախորդող ավելի քան մեկ տարվա ժամանակահատվածը նպաստել է դպրոց ուշ հաճախող երեխաների թվի նկատելի կրճատմանը»,– ասում է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը։

Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել են տարբեր ուղղություններով մի շարք աշխատանքներ, որոնք հիմնականում դրական ազդեցություն են ունեցել սովորողների առաջադիմության վրա։ Երեխաների մեծ մասը հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլի դժվարությունը և սովորում է իր հասակակիցներին համընթաց։ Սովորողներին տրամադրվում է նաև սոցիալ-հոգեբանական զարգացմանն ու հարմարմանն ուղղված աջակցություն։

Միաժամանակ, նախարարությունը կգործադրի հավելյալ միջոցներ իրազեկելու բոլոր ծնողներին՝ ապահովելու սահմանված ժամկետում երեխաների դպրոց հաճախումը՝ խուսափելով երեխաների համար հավելյալ խնդիրների ստեղծումից:

Leave a Comment