Ալբերտ Ավետիսյան
«Ռադիոլուրի» համար
Մայրաքաղաքի փողոցներում վարորդների առօրյան վաղուց վերածվել է յուրօրինակ «արգելավազքի», որտեղ խոչընդոտները ոչ թե բնական են, այլ մարդածին: Տնտեսվարողների կողմից մայթեզրերին շարված հարմարանքները՝ հին արկղերից մինչև ինքնաշեն մետաղական կանգնակներ, դարձել են յուրատեսակ «սեփականության վկայականներ» հանրային տարածքի վրա: Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ տնտեսվարողները կայանատեղին ինքնակամ տնօրինում են և կամ արգելում այդ տարածքում կայանելը, կամ՝ դրա դիմաց վճար պահանջում։
Քաղաքային իշխանությունները պարբերաբար իրականացնում են կարգավորման աշխատանք և կիրառում տուգանք, սակայն խնդիրը դեռ առկա է՝ նկատում են հենց քաղաքապետարանում՝ խոսելով պայքարի շարունակման ու հանրությանն իրազեկման անհրաժեշտության մասին։
-Այստեղ ազա՞տ է, որ կանգնենք։
— Հաճախոդների համար է»։
«Մենակ հաճախորդների՞»։ «Հաճախորդ, ապրանք բերող»։
Այս խոսակցությունը գրեթե բոլոր վարորդներին է ծանոթ։ Եթե մեքենա եք վարում Երևանում, մեծ հավանականությամբ բախվել եք կայանատեղիներում արհեստական խոչընդոտների ու դրա հետևանքով ստեղծված կայանման խնդիրների։
Ճանապարհի այն հատվածներում, որտեղ օրինական կերպով առանձնացված է ավտոմեքենայի կայանման տարածք, շատ հաճախ նկատելի են տարբեր իրեր՝ հին արկղերից մինչև ինքնաշեն մետաղական կանգնակներ, որոնք ինքնակամ տեղադրում են տնտեսվարողները՝ տվյալ տարածքում այլ մեքենաների կայանելն արգելելու նպատակով։ Ավելին, երբեմն այդ տարածքներում ինքնակոչ հսկիչներ են հայտնվում՝ բեյջերով ու կայանման գումար պահանջում 300-ից ընդհուպ 2000 դրամի չափով։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ԺՊ Ավետիք Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է․
«Բոլոր «парковщик» ասվածները անօրինական գործունեություն են ծավալում։ Չկա մեկը, որ կարող է իրավական դաշտում քաղաքացիներից գումար գանձի»։
Մասնավոր ընկերություններն իրենց այդ քայլը պատճառաբանում են առաքման կազմակերպման խնդիրներով․ ասում են՝ տեղ են պահում, որ մոտենան բեռնատար մեքենաները։ Սակայն այս իրավիճակում կայանման խնդիր են ունենում այլ մեքենաները, իսկ տնտեսվարողը փաստացի ապօրինի խոչընդոտներ է ստեղծում։
Մայթերին ու մայթամերձ տարածքներում կայանումն ապօրինի կերպով արգելող արկղերի և նման իրերի տեղադրման դեմ պայքարում են Երևանի քաղաքապետարանն ու Ներքին գործերի նախարարությունը։ Իրականացնում են շրջայց, գտնում իրավախախտումն ու արձանագրում այն։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ԺՊ Ավետիք Բաբայանը «Ռադիոլուր»-ին պատմում է, թե ինչպես են իրազեկում քաղաքացիներին, որ վերջիններս անօրինական վճարում չանեն իրենց իսկ համար նախատեսված կայանատեղիներում։
«Մեր հորդորն ու պահանջն այն է, որ չվճարեն այս ապօրինի կայանատեղիներում։ Այնտեղ ինչ-որ մարդիկ են հայտնվել, արկղեր և մետաղական իրեր են դնում։ Որևիցե մեկն իրավունք չունի նման իրեր տեղադրելու։ Անգամ, եթե դա Երևան համայնքից վարձակալած տարածք է, այդտեղ տնտեսվարողն իրավուք ունի իր աշխատողին կանգնացնելու, բայց ճանապարհը խոչընդոտող որևիցե առարկա չի տեղադրում»։
Բաբայանը նշում է՝ խախտումը հայտնաբերելուց հետո պարեկային ծառայության աշխատակիցները կազմում են իրավախախտման արձանագրություն և հենց տեղում ծանուցում տնտեսվարողին։ Տուգանքը 75 000 դրամ է։
Բաբայանն ասում է՝ այս իրավիճակում անելիք ունի նաև քաղաքացին․
«Իրենք էլ իրենց իրավունքները կարողանան պաշտպանել։ Այսինքն՝ եթե կանգնեցիր ինչ-որ մի տեղ և X մարդը հայտնվում է և ասում է ինձ գումար տուր, պետք է ուղղակի ասել ցտեսություն, մենք Ձեզ գումար չունենք վճարելու, քանի որ դա անօրինական գործունեություն է»։
Ապօրինի այս գործունեության նպատակով հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, շուրջ 30 արհեստական խոչընդոտ՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել են։
«Ռադիոլուր»-ի մյուս զրուցակիցը՝ Xdrive ավտոդպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանը, ում աշխատանքն անմիջապես երթևեկությանն է առնչվում, տնտեսվարողի դիտանկյունից էլ է հարցին նայում, ասում է՝ նրանք էլ խնդիրներ ունեն։
«Տնտեսվարողն այլ տարբերակ չունի, մանավանդ այն ընկերությունը, որն աշխատում է մատակարարման հետ։ Սննդի կամ առևտրի կետ է, որին մատակարարում պետք է ապահովվի, ապա մարդիկ ինչ-որ մի ձև այդ մատակարարումը պետք է ապահովեն»։
Դեռ 2023 թվականին Երևանի ավագանին որոշեց գոտիավորել Կենտրոն վարչական շրջանն ու բարձրացնել կայանատեղիների համար վճարները։ Սակայն ըստ Երևանի քաղաքապետի՝ վերջին մեկ տարում գրանցված ավտոմեքենաների քանակն ավելացել է 11.000-ով։ Այս թիվը հուշում է, որ Երևանի չլայնացող ու խցանված փողոցներում ավելանում է կայանման խնդիրը։
Երթևեկության և քաղաքի բեռնաթափման խնդիրները գլոբալ են, նշում է Xdrive ավտոդպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանը։ Նա խնդիրների լուծումը տեսնում է ճանապարհաշինության մեջ։
«Քաղաքի կաթվածահար լինելու մի քանի պատճառ կա։ Չունենք էստակադաներ, չունենք քաղաքը շրջանցող լուրջ ճանապարհներ կամ եթե ունենք, ապա թերի է, ինչպես Մալաթիա-Սեբաստիայում Գուսան Շերամի հատվածն է»։
Ստեփանյանն ասում է՝ մայրաքաղաքի ճանապարհային ցանցը պետք է համապատասխանեցվի տարեցտարի ավելացող ավտոմեքենաների քանակին, այլապես տնտեսվարողների և վարորդների միջև այսպես ասած «տարածքային կռիվը» շարունակվելու է։
Մայրաքաղաքի խցանումները քաոսային էր բնութագրել նաև վարչապետ Փաշինյանը՝ կառավարության նիստին՝ կարգադրելով մայրաքաղաքում երթևեկի կարգավորման նպատակով կառույց ստեղծել։
2025 թվականի նոյեմբերի 18-ին Երևանի ավագանու նիստում ընդունվել է որոշում՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման մասին։ Կենտրոնի նպատակն է՝ ավելի արդյունավետ կազմակերպել ճանապարհային երթևեկությունը Երևանում, ուսումնասիրել երթևեկության խցանումների պատճառներն ու դրանց ազդեցությունը, վերլուծել վթարների և երթևեկության կանոնների խախտումների՝ քաղաքային ճանապարհներին հետևանքները, մշակել առաջարկներ երթևեկության բարելավման համար։ Ինչպես ասում են՝ քաղաքը սպասում է լուծումներին։