Սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը տեսաուղերձով ներկայացրել է այն քայլերը, որոնք կբարեփոխեն ՀՀ քաղաքացու կյանքը:
Այդ քայլերի շարքում նա նշել է 300,000 նոր աշխատատեղերի բացումը, մասնավորապես՝ մարզերում, 0% հարկը փոքր բիզնեսրի համար:
«Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ և այլք, արարելու են նպաստավոր պայմաններում և զարգացնելու են իրենց գործունեությունը», – նշել է նա:
Շարունակելով այդ քայլերի ցանկը՝ Մելոյանն ընդգծել է 20% էժան դեղորայքը բոլորի համար, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն գնալ այլ երկրներ՝ դրանք ձեռք բերելու:
Հաջորդ քայլը գյուղացիներին է առնչվում. ըստ «Մեր ձևով»-ի անդամի՝ պետք է լինի բերքի երաշխավորված մթերում գյուղերում:
«Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու», – նշել է նա:
Բացի այդ, 20,000 մատչելի բնակարան պետք է լինի պետական աջակցությամբ՝ Մելոյանի համոզմամբ. «Պետությունը նպաստելու է ընտանիքների ձևավորմանը և աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին»։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հունվարի 20-ին ներկայացրել էր «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլերից, որոնք, ըստ նախաձեռնողների, կապահովեն Հայաստանի տնտեսական թռիչքն ու ժողովրդագրական կայունությունը։
