2027 թվականի հունվարի մեկից ուժի մեջ կմտնի պետական գնումներին վերաբերող փոփոխությունների չորս փաթեթ՝ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան, ասել է ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գնումների գործընթացում որոշակի ազատություն են նախատեսել՝ միաժամանակ մեծացնելով հաշվետվողականությունը։
Ըստ Հովհաննիսյանի՝ կարևոր են և՛ հանրությանը շահը, որի գումարներն են ծախսվում, և՛ գործը կատարողինը։
«Այս երկու հարցերի համար պետք է ճիշտ բալանս գտնենք, որպեսզի նախկինում եղած կոռուպցիոն երևույթները, որոնք եղել են ժամանակին, հետ չգան»,–ասել է նախարարը։
Ֆինանսների նախարարը հստակեցրել է, որ նախատեսվող փաթեթներից մեկով սահմանվել են այն պաշտոնյաների խմբերը, որոնց հետ փոխկապակցված ընկերությունները կամ ընդհանրապես, կամ կոնկրետ գնումների գործընթացի չեն կարող մասնակցել։ Այսօր նման կարգավորումներ չկան։
«Ռադիոլուրը» ֆինանսների նախարարին փոխանցեց գիտական համայնքի դժգոհությունները գնումների գործընթացից, այն է՝ ձեռք բերվող նյութերը մինչև հասնում են գիտնականին, դրանց մեծ մասը արդեն կորցնում է անհրաժեշտությունը։
Նախարարը համամիտ էր՝ հարցը կարևոր է գիտնականների ու պետական մարմինների համար։ Նա նշեց, որ ֆինանսների նախարարությունում կատարողականի որոշակի արդյունքային ցուցանիշներ են սահմանել, որպեսզի կարողանան իրենք իրենց գնահատել։ Մասնավորապես, ցանկանում են գնահատել չկայացած մրցույթների քանակով, քանի որ եթե մրցույթը չի կայանում, նշանակում է, որ գործընթացը ինչ որ մի տեղ ձախողված է, խնդիրներ կան, որոնք պետք է լուծել։
«Ցանկացած ձախողված գնում նշանակում է աշխատանքի ուշ կատարում, նշանակում է բյուջեի թերակատարում, հանրության համար կարևոր արդյունքների չստացում»,– շեշտեց Վահե Հովհաննիսյանը։
Այլ ցուցանիշներ ևս կան, աշխատանքներ են տանում, որ մասնակցությունը, արդյունավետությունը կարողանան ապահովել։ Հովհաննիսյանը ընդգծում է՝ գնումների համակարգի գոյության իմաստը ծախսերի արդյունավետության ապահովումն է։