2026-ի «կանաչ հարցը»․ գյուղացիները դիմադրում են, հանքարդյունաբերությունը՝ վերադառնում․ «Էկոսֆերա»

Նախորդ տարի բնապահպանության ոլորտում հանդիպեցինք գրեթե նույն խնդիրներին, որոնք առկա էին մինչ այդ։ Իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանը, ամփոփելով անցած տարվա իրադարձությունները, առանձնացնում է հատկապես մարզերում հանքավայրեր շահագործել ցանկացող ընկերությունների ակտիվությունը։

Ըստ նրա՝ եղան համայնքներ, որտեղ ամբողջ տարվա ընթացքում նույն ընկերությունը մի քանի անգամ այցելեց՝ փորձելով, ի վերջո, ստանալ հանրության աջակցությունը։ Այս ամենի ֆոնին կա նաև դրական փաստ. «Ավելի քան տասը համայնքում գյուղացիները կարողացել են պաշտպանել իրենց բարեկեցությունը»,- շեշտում է Օլեգ Դուլգարյանն ու սա համարում 2025-ի կարևոր ձեռքբերումներից մեկը։

Պարզաբանվում է, որ թեև տարբեր ընկերություններ պարբերաբար այցելել են համայնքներ և փորձել նոր հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրության թույլտվություններ ստանալու նպատակով հանրային դրական կարծիք կորզել, սակայն բնակիչները հետևողականորեն դեմ են արտահայտվել։ Դուլգարյանը համոզված է, որ օրենդրական փոփոխությունները չպետք է հակասեն համայնքի բնակիչների կարիքներին ու շահերին։

2026 թվականին իրավապաշտպանն ակնկալում է, որ «կանաչ քաղաքականության» համատեքստում կլինեն օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում։

Բնապահպանության ոլորտի օրենդրական խնդիրների մասին խոսելիս Դուլգարյանը նաև նկատում է, որ 2025 թվականի ընթացքում ավելացել են բնապահպանների նկատմամբ դատական հայցերը, ինչը մտահոգիչ միտում է։ Այս առումով բնապահպանները ևս ակնկալում են պետության աջակցությունը։

Շարունակելով հանքավայրերի թեման՝ Դուլգարյանն ընդգծում է, որ Երևան համայնքը ևս տուժել է այսօրինակ խնդիրների պատճառով։ Ըստ նրա՝ Երևանի օդի աղտոտվածության մտահոգիչ ցուցանիշները փոխկապակցված են նաև այս խնդրի հետ, որի լուծումը դեռ ակներև չէ։ Հետևաբար՝ հարցը կշարունակի արդիական մնալ նաև այս տարի։

Leave a Comment