«Ինտերը» ծրագրում է ձեռք բերել «Ռեալի» 18-ամյա աստղին

«Ինտերը» ծրագրում է գալիք ամռանը խոշոր տրանսֆեր իրականացնել՝ թիրախավորելով Մադրիդի «Ռեալի» 18-ամյա հարձակողական կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյին։

Ինչպես հաղորդում է իտալական Calciomercato-ն, միլանյան ակումբի սեփականատերերը պատրաստ են զգալի գումարներ հատկացնել ֆուտբոլիստի ձեռքբերման համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերը» նախկինում դիտարկում էր նաև Նիկոլաս Պասի և Արդա Գյուլերի թեկնածությունները։ Սակայն իրավիճակը փոխվել է. Նիկոլաս Պասը, ամենայն հավանականությամբ, կես տարուց կվերադառնա «Ռեալ», իսկ Արդա Գյուլերի հեռանալը Մադրիդից առայժմ քիչ հավանական է։

Ստեղծված իրավիճակում «Ինտերը» Մաստանտուոնոյին համարում է առավել «հասանելի» և իրատեսական նպատակ։

«Ռեալը» կարող է հավանություն տալ գործարքին միայն մեկ պայմանով, եթե պայմանագրում պարտադիր ներառվի հետգնման առաջնահերթ իրավունքի կետը։ Նման մեխանիզմ մադրիդցիները կիրառել էին նաև Նիկոլաս Պասի՝ «Կոմո» տեղափոխության ժամանակ։

Ընթացիկ մրցաշրջանում Մաստանտուոնոն «Ռեալի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ 18-ամյա արգենտինացու տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։

Leave a Comment