Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի կողմից Իտալիայում «Ադրբեջան» բառը մարզահագուստի վրայից փակելու և դրա շուրջ առաջացած սկանդալի ֆոնին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։
Սարգսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Միքայելյանի քայլից հետո նրա նկատմամբ կիրառված տուգանքը կվճարի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան։
Ֆեդերացիայի ղեկավարը նշել էր, որ միջազգային կոնգրեսում քվեարկել է Ադրբեջանի՝ Միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամակցության դեմ՝ պահանջելով, որ ադրբեջանական կողմը հստակ արտահայտի իր դիրքորոշումը՝ դատապարտո՞ւմ է արդյոք սպորտային և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունը: Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարար Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ «սպորտը պետք է մնա սպորտ»։
Սարգսյանն իր հրաժարականի մի քանի պատճառ է նշել՝ մատնանշելով նաև նախարարության կողմից ֆեդերացիայի ֆինանսավորման բացակայության մասին։ Նա չի բացառել, որ այդ վարքագիծը պայմանավորված է իր անձով։
«Հաշվի առնելով, որ, գուցե նաև իմ անձն է խանգարող հանգամանք, որ պետությունը շատ ավելին չի անում այդ մարզաձևերի համար, ուղղակի որոշում եմ կայացնել հեռանալ ֆեդերացիայից։ Տեսեք՝ 2026 թվականի հունվարի 20-ն է, բայց մինչ օրս դեռ պետական ֆինանսավորումը չի բացվել, ֆեդերացիայի հետ պայմանագիր չի կնքվել, և մենք արդեն ձախողել ենք չորսը միջոցառում, որից մեկը միջազգային վարկանիշային վերջին մրցաշարն էր Լեհաստանում»,- ասել է Սարգսյանը։
Նա հավելել է, որ Լեհաստանի մրցաշարը հայ դահուկորդներին հնարավորություն էր տալու էլ ավելի լավացնել իրենց վարկանիշային միավորները և ավելի ամրապնդել իրենց քվոտաները, ինչը տեղի չունեցավ ֆինանսավորման բացակայության պատճառով։
Սարգսյանը հայտարարել է նաև, որ պատրաստվում է իր կարիերան շարունակել արտերկրում, թե որտեղ՝ կտեղեկացնի ավելի ուշ։
Միքայելյանի նկատմամբ Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) կարգապահական պատժամիջոցներ էր կիրառել Tour de Ski միջոցառման ժամանակ հագուստի վրա կպչուն ժապավենով «Ադրբեջան» գրությունը ծածկելու համար։ Հայ մարզիկը հայտարարել էր, որ իր արժանապատվությունը, հայրենիքն ավելի վեր են։
Կարդացեք նաև՝
Իմ արժանապատվությունը, հայրենիքն ավելի վեր է․ հայ դահուկորդը՝ «Ադրբեջան» բառը փակելու մասին
Եթե որևէ մեկը մտածում է, որ «Ադրբեջան» բառը չպետք է փակեի, ամենաանարժան մարդը կլինեի. հայ դահուկորդ
Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Դահուկային միջազգային ֆեդերացիային հայ մարզիկի գործողության վերաբերյալ
