Տարակուսելի է, որ ՀԱԵ-ն ժողով է անում Հայաստանից դուրս. Խանդանյանը՝ եպիսկոպոսաց ժողովի մասին


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն Ավստրիայում անցկացնելու որոշմանը։


Պատգամավորը այդ քայլը որակել է որպես ինքնամեկուսացում պետությունից և պետական շահերից։ Ճեպազրույցի ժամանակ Խանդանյանը հայտարարել է, որ այդ որոշումը կայացնողները պետք է պատասխանեն, թե ինչու են Հայաստանի անունը կրող կառույցի կարևորագույն ժողովը տեղափոխել երկրից դուրս։


«Շատ տարակուսելի է, որ կրոնական կազմակերպությունը կամ ինստիտուտը, որի անունն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, իր գլխավոր ժողովներից մեկը կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Եվ սա նաև փաստ և փաստարկ է այն պնդման, որ այդ մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում Հայաստանի Հանրապետությունից»,- ասել է Խանդանյանը։


Ըստ պատգամավորի՝ նման որոշումները ցույց են տալիս, որ եկեղեցու վերնախավի նպատակը ոչ թե Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը նպաստելն է, այլ ի թիվս այլ նպատակների՝ սպասարկել այլ շահեր։


Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք ժողովը դրսում անցկացնելը պայմանավորված չէ իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ ճնշումներով, Խանդանյանը հերքել է այդ պնդումը։


«Իշխանությունը, կառավարությունը Հայաստանի որևէ ինստիտուտի նկատմամբ, առավել ևս՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, որևէ բռնաճնշում, ճնշում, հակազդեցություն չի ձեռնարկել։ Ընդհակառակը՝ ձեռնարկվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման բավականին պոզիտիվ նախաձեռնություն», – նշել է նա։

Դիտումների քանակ4

Leave a Comment