Մեծ Բրիտանիայում քննարկում են երեխաների համար սոցիալական ցանցերն արգելելու հարցը

Երեխաներին համացանցից ավելի լավ պաշտպանելու համար Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ անչափահասների համար սոցիալական ցանցերի արգելքը: Քննարկվող տարբերակների թվում է նաև դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման ավելի խիստ կանոնների կիրառումը:

Գիտության, նորարարության և տեխնոլոգիաների նախարար Լիզ Քենդալի խոսքով՝ գործող օրենքները երբեք չեն դիտարկվել որպես այս ոլորտի կարգավորման վերջին խոսքը:

Կանբերայի փորձից դասեր քաղելու համար Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է նախարարներ ուղարկել Ավստրալիա, որը մեկ ամիս առաջ դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն արգելեց սոցիալական ցանցերը 16 տարեկանից ցածր տարիքի երեխաների համար:

Սմարթֆոնների և սոցիալական ցանցերի օգտագործման բացասական ազդեցության վերաբերյալ մտահոգություններ կան նաև այլ երկրներում: Անցյալ շաբաթ Դանիան հայտարարել է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործումը արգելելու ծրագրերի մասին:

Եվրոպական հանձնաժողովը վերջերս հայտարարել է, որ անչափահասներին պաշտպանելու համար պատրասվում է ստուգումներ անցկացնել՝ պարզելու, թե արդյոք YouTube-ի և Snapchat-ի նման հարթակները համապատասխանում են «Թվային ծառայությունների մասին» օրենքի պահանջներին:

Leave a Comment