27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով ՀՀ և ընտրելով հինգ տարբերակներից մեկը. նախագիծ

Ազգային ժողովի՝ հունվարի 19-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց իր հեղինակած՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

Պատգամավորն առաջարկում է նախագիծ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ արտասահմանում բնակվող և հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից, որոնց 27 տարին լրացել է, չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլընտրանք, քան 2-5 տարի ժամկետով ազատազրկվելն է:

«Այժմ ունենք 1200-ից ավելի տղաներ, որոնք չունեն որևէ այլընտրանք, քան ՀՀ վերադառնալու դեպքում դատապարտվելը: Այսօր ներկայացված փոփոխությամբ այս հարցը կլուծվի մեկընդմիշտ:

Բոլորը, ում 27 տարին լրացել է կամ կլրանա, կկարողանան օգտվել իմ առաջարկած 5 տարբերակներից որևէ մեկից և ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ ծառայության սահմանային տարիքն այլևս 37 տարին է նրանց համար»,- ասաց նա:

Նշեք, որ նախագծով առաջարկվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով նշված հինգ տարբերակներից մեկը.

1. ծառայել 24 ամիս ժամկետով,

2. ծառայել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,

3. ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,

4. ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,

5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:

Նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստի կողմից դրական եզրակացություն է ստացել, առաջարկի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել նաև Կառավարությունը:

Leave a Comment