19 հունվարի 2026 – 15:55 AMT
PanARMENIAN.Net – Պաշտոնյաների նշանակման կամ առաջխաղացման դեպքում բարեվարքության ստուգման եզրափակիչ եզրակացությունները կդառնան հասանելի հանրությանը։ Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ Ազգային ժողովի հունվարի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը։
Ըստ հիմնական զեկուցողի՝ այդպիսի պաշտոնյաների շարքում են քննիչները, քննչական մարմինների ղեկավարներն ու տեղակալները, դատախազները, գլխավոր դատախազը, նրա տեղակալները, դատավորները, այդ թվում՝ վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորները, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամները, հայտնում է 1lurer.am-ը:
Նրանց նշանակման կամ առաջխաղացման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմած բարեվարքության եզրակացության եզրափակիչ մասը կդառնա հրապարակման ենթակա՝ անկախ եզրակացության դրական կամ բացասական բնույթից։
«Նախատեսվում է, որ անձին, ում բարեվարքությունը ստուգվում է, պետք է հնարավորություն տրվի ավելի ակտիվ մասնակցելու իր բարեվարքության վերաբերյալ եզրակացության կազմման գործընթացին:
Վերջինս հնարավորություն կունենա գրավոր առարկություններ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ նյութեր ու տեղեկություններ ներկայացնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մինչև վերջնական տեսքով եզրակացության կազմումը»,- ասել է նա՝ հավելելով, որ պաշտոնյայի ներկայացրած առարկությունները ևս կընդգրկվեն հրապարակման մեջ։
Հարակից զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ քննարկումների ընթացքում երկար մտածել են՝ արդյոք հրապարակել եզրակացությունները, թե ոչ։
Ըստ նրա՝ ի վերջո որոշում է կայացվել օգտվել հրապարակման տարբերակից, որպեսզի այն դեպքերում, երբ պաշտոնյայի նկատմամբ ներկայացված է բացասական եզրակացություն, սակայն վերջինս նշանակվում է պաշտոնի, հանրությունն իմանա այդ մասին և ձևավորի իր գնահատականը։ Այս փոփոխությունը նաև կողմնորոշիչ նշանակություն կունենա պաշտոնյաներին նշանակող մարմինների համար։