Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է, որ Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դեմ ցանկացած ագրեսիա, հարձակում կհանգեցնի պատերազմի:
«Մեր երկրի մեծ առաջնորդի վրա հարձակումը հավասարազոր է Իրանի ժողովրդի հետ լայնամասշտաբ պատերազմի», – գրել է նա X սոցցանցում:
Իրանում ցույցերն սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի պատճառով։ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների արտադրանքի նկատմամբ 25% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին։ Նա նաև հավանական էր համարել հետագա ռազմական քայլերը՝ ի պատասխան Թեհրանի գործողությունների։
Խամենեին հունվարի 17-ին արձագանքել էր, որ երկրում վերջերս տեղի ունեցած անկարգությունները ծրագրված էին դրսից և Իրանի ինքնիշխանությունը խարխլելու, «կլանելու» ամերիկյան նախագծի մաս են կազմում:
