ԱՄՆ-ն պետք է ավելի վճռականորեն միջամտի՝ հյուսիս-արևելքում քրդերի դեմ Սիրիայի կառավարության հարձակումը դադարեցնելու համար, Reuters-ին ասել է Քրդական ժողովրդական պաշտպանության ջոկատների (YPG) հրամանատար Սիփան Համոն:
«Մենք շոշափելի արդյունքի մեծ հույս ունենք, հատկապես կոալիցիայի և Միացյալ Նահանգների կողմից, հատկապես այն, որ առկա խնդիրներին նրանց միջամտությունն ավելի վճռական կլինի, քան հիմա է», – ասել է Համոն:
Նա հայտնել է, որ ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի և քուրդ պաշտոնյաների միջև հունվարի 17-ին կայացած հանդիպման ժամանակ հրադադարի համաձայնագիր չի կնքվել: Նա հերքել է այն պնդումը, որ Սիրիայի քրդերը ցանկանում են անջատվել կամ անկախ պետություն ստեղծել՝ նշելով, որ իրենց ապագան կապված է Սիրիայի հետ:
Գործակալությունը նշում է, որ սիրիական ուժերը շարունակում են հարձակումը՝ չնայած ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից դադարեցման մասին ավելի վաղ արված կոչին: Reuters-ի աղբյուրների համաձայն՝ հունվարի 18-ին Սիրիայի կառավարական ուժերը մտել են Ռաքքայի ծայրամաս, որը 2017 թվականից ի վեր վերահսկվում էր քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի (SDF) կողմից, որի մեջ է մտնում նաև YPG-ն:
Կառավարական բանակը և նրան աջակցող տեղաբնակ արաբական ցեղերը ավելի վաղ վերահսկողության տակ էին վերցրել Դեյր էզ-Զոր մոտ Եփրատից արևելք գտնվող հիմնական նավթագազային հանքավայրերը: Գործակալությունն այս հանքավայրերն անվանում է «քրդական ուժերի եկամտի հիմնական աղբյուր» և նշում է, որ Դամասկոսի վերահսկողության տակ դրանց անցումը «լուրջ հարված» է հասցրել քրդերին:
Սիրիայի կառավարությունում գործակալության աղբյուրի խոսքով՝ քրդական ուժերը ջախջախվել են արաբ ցեղային մարտիկների հարձակումից հետո, ինչը թույլ է տվել կառավարությանը առաջանալ Եփրատի արևելյան ափի երկայնքով գտնվող տարածքներում: Հարձակման արդյունքում Դեյր էզ-Զոր նահանգի մեծ մասը, ենթադրաբար, կառավարության վերահսկողության տակ է անցել: Հունվարի 17-ի ուշ երեկոյան բանակը նաև վերահսկողության տակ է վերցրել Ռաքքայից արևմուտք գտնվող Տաբկա քաղաքն և մոտակա ամբարտակը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Սիրիայի անցումային կառավարության զինված ուժերի կողմից հունվարի 17-ին սկսված արագ հարձակումը աջակցություն է ստացել տեղի արաբական ցեղերը, որոնք որոշ շրջաններում գրավել են քրդական SDF ուժերի շտաբերն ու զորանոցները: Գործակալությունը նշել է, որ Ալ-Ջազիրա շրջանի ցեղային շեյխերը հայտարարել են Սիրիայի կառավարության կոմն անցնելու մասին:
