17 հունվարի 2026 – 12:10 AMT
PanARMENIAN.Net – BBC‑ն ու «Մեդիազոնան», հենվելով բաց աղբյուրների վրա, հաստատել են, որ Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհվել է 163,606 ռուս զինծառայող: Տվյալները վերաբերում են 2022թ. փետրվարի 24‑ից մինչև 2026թ. հունվարի 13‑ն ընկած ժամանակահատվածին:
Հաստատվել է ավելի քան 6300 սպաների (6302) մահը Ռուսաստանի բանակում և այլ ուժային կառույցներում։ 2024թ. սեպտեմբերին կամավորների թվում կորուստները կրկին դարձել են ամենամեծը՝ 53,976 (33 %), նման միտում նկատվել էր նաև 2022թ. ամռանն ու աշնանը:
Միևնույն ժամանակ, բանտերում հավաքագրումը զգալիորեն նվազել է, և Ռուսաստանում նոր զորակոչ չի հայտարարվել, գրում է Deutsche Welle-ն:
Ամենաշատ զոհվածները 36‑38 տարեկանների շրջանում են (15,997), ապա հետևում են 33‑35 տարեկանները (15,673)։ Արձանագրվել է, որ ավելի շատ պատերազմ են գնում 30‑35 տարեկան ռուսաստանցիները, իսկ զորակոչվում են նրանք, ում տարիքը գերազանցում է 25‑ը։
Լրագրողների և կամավորների կողմից կազմված ցուցակն ամբողջական չէ, քանի որ զինծառայողների մահվան մասին ոչ բոլոր տեղեկություններն են հրապարակային։
Ըստ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի տվյալների՝ 2025թ. դեկտեմբերի 12‑ի դրությամբ Ռուսաստանի բանակի մոտավոր կորուստները կազմել են 1, 186,480 զոհ և վիրավոր։
Ուկրաինայի դեմ ՌԴ սկսած պատերազմը հավասարվել է տևողությամբ Մեծ Հայրենական պատերազմին՝ 1 418‑րդ օր: