Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 16-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կարգավորումներ կատարելու վերաբերյալ։ Պատգամավորն անդրադարձել է 27 տարին լրացած և ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող անձանց, այն հարցին, թե քանի հոգի է ծառայել, քանի հոգի է վճարել և չի ծառայել, ինչպես նաև ծառայությունից ազատված՝ զոհված զինծառայողների եղբայրներին։
15 միլիոն դրամ վճարողների վերաբերյալ հարցին՝ արդյոք խոսքը վերաբերում է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող և քրեական հետապնդման տակ գտնվող անձանց, թե Հայաստանում գտնվող այն անձանց, որոնք կարող են վճարել և ազատվել ծառայությունից, պատգամավորը պատասխանել է.
«Տարանջատում չկա՝ հետախուզվող անձը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում, թե Հայաստանից դուրս։ Սակայն, ըստ ՆԳՆ-ից ստացված տվյալների, ինչպես նաև մեր կյանքի փորձից հայտնի է, որ նրանց գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 80–90 տոկոսը և ավելին, գտնվում է արտասահմանում։ Այլապես, եթե նրանք հետախուզման մեջ լինեին և գտնվեին Հայաստանում, ապա կհայտնաբերվեին և կդատվեին՝ կամ ենթարկվելով քրեական պատասխանատվության, կամ մեկնելով ծառայության։ Այս դեպքում նրանք չեն կարող մեկնել ծառայության, քանի որ 27 տարին լրացած է, և պետք է դատապարտվեն ազատազրկման՝ երեքից հինգ տարի ժամկետով, ինչի արդյունքում պետությունը ստիպված կլինի նրանց վրա ահռելի գումարներ ծախսել», — ասել է Սարգսյանը։
Ինչ վերաբերում է 15 միլիոն դրամին․ «Ունենք հայրենակից տղաներ, ովքեր խուսափել են ծառայությունից, և այժմ նրանց 27 տարին լրացել է։ Միևնույն ժամանակ, նրանցից ոմանք ունեն ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ։ Եթե նրանք վերադառնան Հայաստան և պարզվի, որ ունեն նման հիվանդություն, այսինքն՝ չեն կարող մեկնել ծառայության և, միաժամանակ, չեն կարող չվճարել գումար, ապա ստիպված կլինեն վճարել 15 միլիոն դրամ։ Հիշեցնելով, որ 15 միլիոն դրամը միջինացված հաշվարկով մոտավորապես համարժեք է երկու պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձին։ Այսինքն՝ նրանք իրենց ծառայության բացը, որը առաջացել է չծառայելու հետևանքով, լրացնում են կրկնակի չափով․ փաստացի նրանք «ծառայում» են երկու տարվա փոխարեն՝ վճարելով այնպիսի գումար, որով հնարավոր է ապահովել այլ անձանց չորս տարվա ծառայություն։ Սա է 15 միլիոն դրամի տրամաբանությունը», — ասել է Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյոթում։