Նրանք ծնվում են, ապրում ոչ թե մի քանի տասնյակ, այլ՝ միլիարդ տարիներ։ Բնության մեջ ներդաշնակ է ամեն ինչ։ Մոտ մեկ դարը մարդու համար արդեն շատ մեծ տարիք է, մինչդեռ աստղերի համար երիտասարդությունը սկսվում է միլիոնավոր տարիներ ապրելիս միայն։ Աստղերը ծնվում են և զարգանում։ Դրանց տեսակները բազմազան են, ուսումնասիրելը՝ հետաքրքիր։
Աստղագետ դառնալու ճանապարհին ուսանողները դիտարկում են բազմաթիվ հարցեր աստղագիտության վերաբերյալ, հետո արդեն, երբ դառնում են տվյալ աստղագիտության ուղղության մասնագետ, ամեն ինչ փոխվում է։ Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Աբրահամյանն էլ բացառություն չէ։



«Աստղագիտությունը շատ գրավիչ գիտություն է։ Բոլորիս գրավել է աստղազարդ երկինքը, բայց երբ սկսեցի շփվել Բյուրականի աստղադիտարանի մեր ավագ սերնդի գործընկերների հետ, ես զգացի, որ այնտեղ կան այնպիսի չբացահայտված թեմաներ, որոնք ինձ գրավեցին։ Այդ անհայտը բացահայտելու միտքը ինձ ուղղեց դեպի աստղագիտություն»։
Աստղագիտությունը շատ արագ զարգանում է աշխարհում։ Հայաստանում էլ հետ չեն մնում միջազգային զարգացումներից՝ փորձելով այն զարգացնել միջճյուղային գիտությունների հետ՝ աստղայինֆորմատիկա, աստղակենսաբանություն, աստղաքիմիա և այլն։ Գիտական թեման, որը ղեկավարում է Հայկ Աբրահամյանը, հետազոտում են ակտիվ միջուկով գալատիկաների հատկությունները ռենտգենյան տիրույթում։ Թեման արդիական է ամբողջ աշխարհում։ Ակտիվ միջուկով գալակտիկա (ԱԳՄ) միջուկը դրսևորում է ակտիվություն էլեկտրամագնիսական ալիքների տարբեր տիրույթներում (օրինակ՝ ռադիո, ռենտեգնյան և այլն), ի համեմատ սովորական գալակտիկաների միջուկների։
Գալակտիկան գրավիտացիոն ուժով կապված համակարգ է՝ բաղկացած աստղերից, աստղակույտերից, միջաստղային գազից, փոշուց, մութ նյութից և այլն։ Գալակտիկայի կազմի մեջ մտնող բոլոր օբյեկտները մասնակցում են ընդհանուր զանգվածների կենտրոնի նկատմամբ շարժմանը։ Գիտական այս խումբն ուսումնասիրում է գալատիկաների ակտիվ միջուկները։
Ակտիվ միջուկով գալակտիկաների ռենտգենյան ուսումնասիրությունը հնարավորոթյուն կտա պարզելու՝ ինչու են նրանք ակտիվ հենց այս տիրույթում, դուրս կբերվի որոշակի ֆիզիկական հատկություններ և կպարզաբանվի, թե որ օպտիկական ենթադասերում են նրանք առավել ակտիվ։ Սա արդի խնդիր է, որով զբաղվում է ամբողջ աշխարհը։ Հայկ Աբրահամյանը կարծում է, որ Բյուրականի աստղադիտարանն ու մասնավորապես իրենց խումբը զբաղվում են արդի ժամանակակից աստղագիտական խնդիրներով, կարողանում են համաշխարհային գիտական խմբերին համարժեք արդյունքներ ստանալ։
Բյուրականի աստղադիտարանի ավագ լաբորանտ Վարդուհի Մկրտչյանն առաջին մասնագիտությամբ մանկավարժ է, աստղագիտությունն իր երկրորդ մասնագիտությունն է։ Ասում է, եթե հնարավորություն լիներ, նորից կընտրեր աստղագիտությունը։
Նա նույնպես ներգրավված է գիտական աշխատանքներում։ Ասում է, որ հետազոտություն անցկացնելը բավականին հետաքրքիր է։ Բացատրում է. «Թեման արդիական է, թեմայով բոլորն են հետաքրքրված։ Բացի այդ, նաև աշխատում ենք տվյալների բազաների հետ, որոնք հետաքրքրում են։ Մենք սովորականի մեջ բացահայտում ենք անսովորը»։
Գիտնականներն ընդգծում են՝ Հայաստանում դժվար է գիտությամբ զբաղվելը։ Հիմնականում գիտությամբ են զբաղվում նվիրյալները, մարդիկ, որոնց համար գիտությունն է կարևոր, այլ ոչ ֆինանսը։