16 հունվարի 2026 – 13:35 AMT
PanARMENIAN.Net – Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
Դատական նիստը նշանակվել է հունվարի 16-ին ժամը 16։00-ին, Հակակոռուպցիոն դատարանում։
Փաստաբանը հայտնել է, որ դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու։
«2025 հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:
Ինչպես հայտնել էինք Դատախազությունն առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ ապօրինի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և մեր բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը:
Միաժամանակ քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ), որով նիստը նշանակվել է կրկին այսօր Հակակոռուպցիոն դատարանում` 16:00-ին: Սիրելի հայրենակիցներ, այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու»,-ասվում է գրառման մեջ:
«Տաշիր Գրուպ» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանին Հայաստանում առաջադրվել է մեղադրանք և կալանավորվել է այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն հայտարարել է իր աջակցությունը Հայ Առաքելական եկեղեցուն՝ իշխանությունների քննադատության ֆոնին։ Իր ելույթներում Կարապետյանը չի ընդունել իր մեղքը և քննադատել է Հայաստանի ներկայիս իշխանություններին։