16 հունվարի 2026 – 11:45 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում սուտ է որակել շրջանառվող այն հրապարակումները, թե Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե առաջիկա ընտրություններում «Թուրքիան աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:
Մասնավորապես նա անդրադարձել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի այն գրառմանը, թե «մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե 2023-ից»:
Ռուբինյանն ի պատասխան գրել է․ «Մեր խայտառակ լրատվամիջոցների մի մասը և ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը կրկին աչքի են ընկել ստելու իրենց բնավորությամբ:
Թուրքիայի արտգործնախարարը չի հայտարարել, թե աջակցում է Փաշինյանին ընտրություններում:
Սա պարզապես սուտ է: Նա նման բան չի ասել: Եվ չէր էլ կարող ասել, որովհետև դա մեր ներքին գործն է»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ ասել է. «Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են սպասվում, դա կարևոր փուլ է։ Տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը հանրային հարցումներում առաջատար դիրքում է։ Նրա կառուցողական դերակատարումն իսկապես աջակցում ենք։ Անհրաժեշտ է, որ այս գիծը և այս քաղաքական կամքը շարունակություն ունենան»։