16 հունվարի 2026 – 11:26 AMT
PanARMENIAN.Net – Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 2025 թվականին Հայաստանում վերակառուցվել, նորացվել և ասֆալտապատվել են մոտ 265 կիլոմետր երկարությամբ փողոցներ ՝ 2024 թվականի 215 կիլոմետրի փոխարեն։ Այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ վերոնշյալ աշխատանքների արժեքը կազմել է 27․8 միլիարդ դրամ, տեղեկացնում է Արմենպրեսը:
Նախարարությունում ընդգծել են, որ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար մշակված և ՀՀ կառավարության 14 որոշումներով 2025 թվականի պետական բյուջեից հատկացվել է 33 միլիարդ 635 միլիոն դրամ՝ 445 ենթածրագրի իրագործման նպատակով։
«Կարող ենք փաստել, որ 2025 թվականի ընթացքում ՀՀ համայնքներում իրականացվել են մոտ 62 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեից կառավարության համապատասխան որոշումներով հատկացվել է 33․635 մլրդ դրամ, ՀՀ համայնքների համաֆինանսավորումը կազմել է 27․6 մլրդ դրամ, իսկ այլ ներդրողների համաֆինանսավորումը՝ 683 մլն դրամ»,-հայտնել են ՏԿԵ նախարարությունից։
Ասֆալտապատման աշխատանքներից բացի, իրականացվել է նաև 38 կմ երկարությամբ փողոցների շինարարություն, հիմնանորոգում և սալարկում՝ ընդհանուր 3․7 մլրդ դրամ արժեքով։ Լուսավորության ենթակառուցվածքների բարելավման նպատակով կատարվել են մոտ 138 կմ լուսավորության համակարգերի կառուցման և նորացման աշխատանքներ՝ 707,2 մլն դրամի շրջանակում։ Համեմատության համար նշվում է, որ 2024 թվականին այդ թիվը կազմել է 245 կմ։
ՏԿԵ նախարարությունից ընդգծել են, որ հաշվետու տարում իրականացված ծրագրերը ներառել են ինչպես 2025 թվականին հաստատված նախաձեռնությունները, այնպես էլ 2022-2024 թվականների ընթացքում մեկնարկած և շարունակվող աշխատանքները։