Տիգրան Աբրահամյան. Իսկ ո՞ւմ պաշտոնավարման ժամանակ 2022 թվականին Ադրբեջանը ագրեսիա հրահրեց ու ՀՀ տարածքներն օկուպացրեց

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Գործող իշխանության անպատասխանատվության մասշտաբը պատկերացնելու համար պետք է ընդամենը ՊՆ ամփոփիչ ասուլիսից մի դրվագ նայել:

Պապիկյանին հարցնում են Սև լճի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքի մասին, որն անցնում է ադրբեջանական ճանապարհային արգելափակիչով (շլագբաում) և զննությամբ, իսկ վերջինս դրան արձագանքելով հիշեցնում է, որ այդ վիճակն իր նախարար ժամանակ չի առաջացել:

Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին` այս իշխանության հանցավոր անգործության հետևանքով:

Ադրբեջանը մի շարք ուղղություններով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածքներ և դա տեղի է ունեցել գործող իշխանության պաշտոնավարման ընթացքում, սակայն տարբեր պաշտոնյաներ մտածում են, թե կարող են մարդկանց մոլորեցնելու ճանապարհով խուսափել այն ծանր քաղաքական պատասխանատվությունից, որն առաջացել է իրենց կառավարության տապալված քաղաքականության հետևանքով:

Ավելին, եթե Պապիկյանն անձնական պատասխանատվության և իր պաշտոնավարման ժամանակահատվածի մասին է խոսում, ապա թարմացնեմ հիշողությունը: Իսկ ո՞ւմ պաշտոնավարման ժամանակ 2022 թվականին Ադրբեջանը ագրեսիա հրահրեց ու ՀՀ տարածքներն օկուպացրեց:

Ո՞ւմ պաշտոնավարման օրոք 2023 թվականին Ադրբեջանը մխրճվեց Կոռնիձոր և Տեղ գյուղերի հատվածում:

Ի՞նչ ճակատագիր ունեցավ պաշտպանության բանակն Արցախի օկուպացիայի և ՀՀ իշխանության ամոթալի վարքագծի պայմաններում:

Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն շարունակում է օկուպացված պահել ՀՀ ինքնիշխան տարածքները, այլև ՀՀ-ի հետ բանակցությունների համատեքստում որևէ ակնարկ կամ պատրաստակամություն չի դրսևորում իր զորքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment