Միրզոյան․ Փաստաթուղթն իսկապես լավն է՝ բոլոր հնարավոր շահառուների համար

Միրզոյան․ Փաստաթուղթն իսկապես լավն է՝ բոլոր հնարավոր շահառուների համար

15 հունվարի 2026 – 18:07 AMT

PanARMENIAN.Net – ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթին, գրել է, որ այն իսկապես լավն է՝ բոլոր հնարավոր շահառուների համար:

«Կարդացեք։ Փաստաթուղթն իսկապես լավն է։

Լավն է Հայաստանի համար։ Մեր երկիրն ապաշրջափակվում է և դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց։ Եվ դա` ո’չ որևէ կերպ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հաշվին։

Լավն է այն ընդունող մյուս կողմի` ԱՄՆ֊ի համար։ Լավն է մեր անմիջական հարևանների ու առհասարակ բոլոր հնարավոր շահառուների համար։ Եվ դա շատ լավ է, որովհետև հակառակ պարագայում այն ուղղակի չէր աշխատի։

Հ.Գ. Չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին։ Լավ եղեք»,-գրել է նա:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

Հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment