Պապոյան․ ՀՀ օրենսդրությունը մոտարկվում է ԵՄ-ին՝ հրահանգներից 4-ը վերաբերում է սպառողների իրավունքներին

Պապոյան․ ՀՀ օրենսդրությունը մոտարկվում է ԵՄ-ին՝ հրահանգներից 4-ը վերաբերում է սպառողների իրավունքներին

15 հունվարի 2026 – 16:49 AMT

PanARMENIAN.Net – Կառավարությունը հավանություն է տվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ստեղծել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ՝ ԵՄ ստանդարտներին մոտարկված:

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, օրինագծով նախատեսված 4 հրահանգը վերաբերում է սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմաններին, հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանությանը, մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդին, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցներին:

Նախագծով, մասնավորապես՝ սահմանվում են նաև անարդար բնույթի պայմանների տեսակները՝ նախատեսելով, որ պայմանագրում որևէ անարդար պայմանի առկայության դեպքում նման պայմանն առոչինչ է:

«Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ իրենց հետ կնքվող՝ միանալու պայմանագրերում վաճառողները և ծառայություն մատուցողները չեն կարող ներառել անարդար բնույթի պայմաններ, իսկ ներառվելու դեպքում կհամարվեն առոչինչ: Կարգավորումների արդյունքում տնտեսվարողները պետք է բացառեն այդպիսի որևէ անարդար պայման»,- ասել է Պապոյանը:

Նախարարն անդրադարձել է նաև մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդին և նշել, որ այդ հրահանգին մոտարկման արդյունքում սահմանվում են «մոլորության մեջ գցող գովազդ» և «համեմատություններ պարունակող գովազդ» եզրույթների վերաբերյալ համապարփակ կարգավորումներ։

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս փաթեթը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում մեր կարգավորումների մոտարկումն է ԵՄ կարգավորումների հետ: Այսինքն՝ մենք որդեգրում ենք եվրոպական ստանդարտ, և դա է հիմնական արձանագրումը: Սա համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառում է»:

Leave a Comment