ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ցուցարարների և իշխանությունների միջև բախումների ժամանակ սպանություններն ու բռնությունը դադարել են, հայտնել է CCN-ը:
Թրամփի տեղեկությամբ՝ բախումները դադարել են և Իրանի իշխանությունները հետագա «կոշտ գործողություններ» ձեռնարկելու ծրագրեր չունեն: Թրամփը նշել է, որ այս տեղեկատվությունը ստացել է հուսալի աղբյուրներից և ընդգծել, որ ուշադիր կհետևի իրավիճակին:
Նա հավելել է, որ եթե բռնությունը վերսկսվի, Վաշինգտոնի արձագանքը կարող է տարբեր լինել, բայց առայժմ, նրա խոսքով, «սպանությունները դադարել են»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր Իրանի նկատմամբ կոշտ գործողությունների պատրաստակամության մասին և չէր բացառել ուժային միջամտության հնարավորությունը երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին:
Իրանն, իր հերթին, զգուշացրել է, որ հարձակման դեպքում պատասխան հարվածներ կհասցնի տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտներին և նավագնացության թիրախներին:
