OC Media. Ռուսաստանը կենտրոնանում է Հայաստանի վրա

OC Media. Ռուսաստանը կենտրոնանում է Հայաստանի վրա

15 հունվարի 2026 – 15:13 AMT

PanARMENIAN.Net – Ռուսաստանի նախագահի աշխատակազմը պատրաստվում է արտերկրում իր փափուկ ուժի ընդլայնմանն ուղղել մոտավորապես 13 միլիարդ ռուբլի՝ մոտ 165 միլիոն դոլար, ինչի շրջանակում առանցքային ուշադրություն է դարձվելու Հայաստանին։ Այս մասին հայտնել են ռուսական ՌԲԿ պարբերականի աղբյուրները:

Այս նախաձեռնությունն իրականացվելու է Սերգեյ Կիրիենկոյի ղեկավարությամբ, ով զբաղեցնում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, գրում էFactor.am-ը՝ OC Media-ի վրա հղումով:

Նշվում է, որ 2025 թվականի մայիսին «Վեդոմոստին» տեղեկացրել էր, որ Կիրիենկոն «հանձնարարական կունենա»՝ մինչև 2026-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ռուսական շահերն առաջ մղելու ուղղությամբ՝ «փափուկ ուժի» կիրառմամբ։ Նրա ղեկավարած գերատեսչություններն արդեն սկսել են զբաղվել հայկական ուղղությամբ, ինչը «նշանակում է աշխատանք նախագահի շահերից ելնելով, քանի որ դա կապահովի պետական խնդիրների կատարումը»:

Լրատվամիջոցն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե ընտրական, այլ տեղեկատվական բնույթի աշխատանքին։ Ըստ հրապարակման՝ Կիրիենկոյի ծրագիրը փաստացի արդեն իրականացման փուլում է։

«Հայաստանի ղեկավարությունը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք, ինչն անընդունելի է Ռուսաստանի պետական քաղաքականության տեսանկյունից»,- «Վեդոմոստի»-ին ասել էր աղբյուրներից մեկը։

ՌԲԿ-ի տվյալներն առավել մանրամասնորեն պատկերացնում են նախագծի որոշ ասպեկտներ՝ ընդգծելով, թե որքան կարևոր նշանակություն ունի Հայաստանի արտաքին կողմնորոշումը Կրեմլի ռազմավարության մեջ։ Չնայած ծրագիրն ընդգրկելու է ԱՊՀ ինը երկրներ, ինչպես նաև Աֆրիկայի ու այլ տարածաշրջանների մի շարք պետություններ, առաջիկա ժամանակահատվածում կենտրոնը լինելու է հենց Հայաստանը։

Ֆինանսավորման աղբյուրներից բացի, ըստ ՌԲԿ-ի, ակնկալվում է նաև այլ կառույցների մասնակցություն, այդ թվում՝ Ռուսաստանի Միջազգային մարդասիրական համագործակցության դաշնային գործակալության (Ռոսսոտրուդնիչեստվո) և RT լրատվական հարթակի կողմից։

Հայաստանում ծրագրի մի մասը, հնարավոր է, ներառի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ընդդիմադիր հոսանքների ձևավորում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Նշվում է, որ, չնայած Փաշինյանը պահպանում է հարաբերությունները Ռուսաստանի հետ և 2025-ին մի քանի անգամ այցելել է այդ երկիր, Կրեմլին մոտ կանգնած վերլուծաբանները շարունակաբար կոշտ քննադատության են ենթարկել նրան՝ ակնարկելով փոփոխությունների ցանկությունն ինչպես իշխանության կազմում, այնպես էլ Հայաստանի արտաքին կողմնորոշման մեջ։

Նշվում է նաև, որ վերջին ամիսներին աճել է հայաստանյան ուղղությամբ տարածվող ապատեղեկատվությունը, որը հիմնականում կապվում է ռուսական կամ Կրեմլին հարող աղբյուրների, ինչպես նաև թուրքական և ադրբեջանական հարթակների հետ։

Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների զգալի անկումը սկսվել է հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ը, չարձագանքեցին Ադրբեջանի՝ 2021 և 2022 թվականներին Հայաստանի տարածքի նկատմամբ հարձակումներին։

Մեկ այլ կարևոր հանգամանք է դարձել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների անգործությունը՝ 2023-ին տեղի ունեցած կայծակնային հարձակման ընթացքում, երբ տարածաշրջանը, ինը ամիս շարունակ շրջափակված մնալով, հանձնվել է Ադրբեջանին։

Leave a Comment