«Չենք հավատում իրականությանը»․ գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը ժամանել է Երևան

Հունվարի 14-ին Բաքվում գերությունից Հայաստան վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, Լիբանանից ժամանել է Հայաստան և շուտով կհանդիպի ամուսնուն, որը գտնվում է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։

Էուլջեքչյանի կինը ուրախ և հուզված է ժամանել Երևան։ Նա լրագրողներին հայտնել է, որ շատ երջանիկ է ամուսնու վերադարձի համար։

«Վիգենին տեսնելն այս պահին ինձ համար ամենակարևորն է։ Մեր երեխաները չափազանց ուրախ են և չեն հավատում այս իրականությանը»,- նշել է նա։

Կինը տեղեկացրել է, որ ամուսնու հետ Լիբանան վերադառնալուց հետո որդու պսակադրությունն է լինելու։

Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել չորս գերու՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ նրանց վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:

Չորս հայ ռազմագերիներից երեքը գերեվարվել էին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում, իսկ մեկը՝ դրա ավարտից հետո՝ Արցախի շրջափակման ժամանակ: Սուջյանը և Դավթյանը գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը, դեպի Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս:

Ադրբեջանում երկուսն էլ դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման՝ «զենքի ապօրինի պահման» և «լրտեսության» մեղադրանքներով: Լիբանանահայ Էուլջեքչյանը բերման էր ենթարկվել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Շուշիում՝ մարտական գործողությունների ավարտի հաջորդ օրը: 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի զինվորական դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանության» և «ահաբեկչության» մեղադրանքներով:

Արցախի բնակիչ Խաչատրյանը գերեվարվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին՝ Հակարիի կամրջի մոտ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս: Նա անցնում էր 1991 թվականի դեկտեմբերի 22-ի ենթադրյալ «ցեղասպանության» գործով:

Ադրբեջանում մինչ այս պահվում էր 23 հայ գերի, 4 գերիների վերադարձից հետո այժմ նրանց թիվը 19 է։ Գերիների թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։

Leave a Comment