ՆԳՆ-ն՝ Իրանի դեսպանատան մոտ հավաքների մասին․ Շարունակելու ենք խաղաղ հավաքների սպասարկումը՝ ըստ սահմանված կարգի

ՆԳՆ-ն՝ Իրանի դեսպանատան մոտ հավաքների մասին․ Շարունակելու ենք խաղաղ հավաքների սպասարկումը՝ ըստ սահմանված կարգի

15 հունվարի 2026 – 10:26 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի ՆԳՆ-ն արձագանքել է Իրանի դեսպանի հայտարարությանը՝ դեսպանատան մոտ հավաքների մասին՝ նշելով, որ ՀՀ-ում բոլոր դեսպանատների անվտանգությունն ապահովված է։

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ՆԳՆ-ն շարունակելու է խաղաղ հավաքների սպասարկումը՝ օրենքով սահմանված կարգով:

«ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության առջև իրականացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հնչած հայտարարության առնչությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» դրույթների, ինչպես նաև միջազգային և երկկողմ այլ պարտավորությունների շրջանակներում ապահովում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ»,- ասված է հաղորդագրությունում։

Ներքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ Իրանի դեսպանության հետ պահպանվում է շարունակական աշխատանքային շփում։

«Հարկ է նաև նշել, որ Ներքին գործերի նախարարության կողմից բոլոր նշված հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովվել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։ Նշենք նաև, որ հավաքներից մեկի ընթացքում մասնակիցներից մեկը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման։

Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է խաղաղ հավաքների սպասարկումը՝ օրենքով սահմանված կարգով։

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ժողովրդավարական պետություն, ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակներում պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին հրավիրված ասուլիսի ժամանակ կոշտ ձևակերպումներով անդրադարձել է Թեհրանի դեսպանատան դիմաց օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիաներին և հայտարարել, որ ՀՀ–ն դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն:

«Արդեն 6 օր է՝ երեկոյան 6-9-ը մենք ականատես ենք լինում, որ մի խումբ հավաքվում է Իրանի դեսպանատան առաջ, շատ անհարգալից, վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս։ Ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակաբար հնչեցնում ենք մեր բողոքը, այս գործընթացը շարունակվում է։ Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի և կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր ծանր իրավիճակի մեջ ենք, և այն իրադարձությունը, որ այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ շատ հստակ ասացի»,- հայտարարել է նա:

Leave a Comment