Սպիտակ տանն ավարտվել է ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հանդիպումը Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարների հետ

Սպիտակ տանն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լյոկե Ռասմուսենի և Վիվիան Մոցֆեդտի հետ տևել է շուրջ 1,5 ժամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Հանդիպման վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Դեռ իր առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել է գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն է հայտնել, որ այն կարելի է անեքսիայի ենթարկել։ Օրերս Թրամփը հայտարարեց, եթե ԱՄՆ-ն ձեռք չբերի Գրենլանդիան, ապա «Ռուսաստանը կամ Չինաստանը դա կանեն»։

Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով և ունի անկախություն հռչակելու իրավունք։ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հունվարի 13-ին հայտարարել է, որ կղզին նախընտրում է լինել Դանիայի կազմում և չի ցանկանում լինել ԱՄՆ-ի մաս։

Leave a Comment