Ձյուն, մառախուղ, մերկասառույց. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Նորավանի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Գորիսի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ջերմուկի, Գորիսի, Քաջարանի, Կապանի տարածաշրջաններում և Սարավան-Զանգեր, «Մեղրու սար» հատվածում տեղում է ձյուն։

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

Leave a Comment