ԱՄՆ-ի 74% մասնաբաժինը TRIPP-ում «բավական արդար բաշխում է». Միրզոյան – Armenia Today

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է TRIPP նախագծի կառավարիչ ընկերությունում բաժնեմասերի բաշխվածությունը՝ պարզաբանելով, թե ինչու է ԱՄՆ-ին տրվել վերահսկիչ փաթեթ:

Միրզոյանը նշել է, որ TRIPP նախագծում բաժնեմասերի բաշխումը բանակցությունների արդյունք է և արտացոլում է կողմերի ներդրումների ծավալը։ Նրա խոսքով՝ այն, որ ընկերության 26%-ը պատկանելու է Հայաստանին, իսկ 74%-ը՝ ԱՄՆ-ին, համապատասխանում է կողմերի ներդրումային դերակատարմանը։

Միրզոյանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ստանձնում է ներդրումային մեծ պարտավորություններ. խոսքը ոչ միայն քաղաքական աջակցության կամ քաղաքական կապիտալի, այլ ուղղակի ֆինանսական ներդրումների մասին է։

Հայաստանի ավանդը, ըստ նախարարի, մեծ հաշվով կայանում է կառուցապատման իրավունքի տրամադրման և ենթակառուցվածքների օգտագործման մեջ։ 

Նախարարը նաև հիշեցրել է, որ բաժնեմասերի ներկայիս հարաբերակցությունը նախատեսված է առաջիկա 49 տարվա համար և կապված է նախագծի բիզնես մոդելի ու ներդրումների վերադարձելիության ժամկետների հետ։ Ըստ նրա՝ երբ պայմանագիրը երկարաձգվի ևս 50 տարով, բաժնեմասերի համամասնությունը կփոխվի և կդառնա գրեթե հավասար․ Հայաստանը կստանա 49% բաժնեմաս։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Leave a Comment