Հայաստանի որոշ տարածքների օկուպացիան անուշադրության մատնելը ոչ թե կնպաստի խաղաղությանը, այլ հակառակը՝ թույլ կտա դիմացի կողմին մտածել, որ հնարավոր է շանտաժի միջոցով խոսել։ Այս մասին Newday.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի իրավունքները չպետք է վերածել մանրադրամի։
– Բարև ձեզ, պարոն Բադալյան։ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ամերիկյան The Washington Times պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ խաղաղություն հաստատելը բացարձակ է, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքները օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային և մոռացության մատնել։ Չի կարելի ապրել մարող հույսերով, իսկ բանակցությունները չեն կարող ձևացնել, թե բռնությամբ տարածքների զավթումը գոյություն չունի։ Ի՞նչ կարող եք ասել այս շեշտադրումների վերաբերյալ։
– Ես, անկեղծ ասած, չեմ ուզում մեկնաբանել Արման Թաթոյանի հայտարարությունը, որովհետև նա առաջին հերթին քաղաքական գործիչ է, ով արտահայտում է իր տեսակետը, և այդ տեսակետի մեկնաբանման առաքելություն կամ հանձնառություն չունեմ։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ՝ եթե պետության տարածքները օկուպացիայի ներքո են, ապա բնականաբար այս հարցը պետք է լինի պետության օրակարգում, և խաղաղության հանգամանքը չի կարող հակադրվել տարածքների օկուպացիայի հանգամանքին։ Այսինքն՝ հանուն խաղաղության տարածքների օկուպացիան անուշադրության մատնելը բնականաբար ոչ թե կնպաստի խաղաղությանը, այլ հակառակը՝ թույլ կտա դիմացի կողմին մտածել, որ հնարավոր է շանտաժի միջոցով խոսել Հայաստանի հետ, և ցանկացած պատեհ առիթով այդ լեզուն նորից գործի կդրվի։
Դրա համար այստեղ շատ կարևոր է, որ երկու հանգամանքները միմյանց չհակադրվեն։ Այսինքն՝ այո, Հայաստանը միշտ ձգտել է խաղաղության։ Կա թյուրիմացություն, թե Հայաստանը խաղաղության է ձգտում 2020 թվականից հետո, կամ վերջին հնգամյակում, կամ 2018-ից հետո։ Հայաստանը խաղաղության օրակարգին դավանել է միշտ, խաղաղության ձգտել է միշտ, և հետևաբար այստեղ խաղաղությունը հակադրել Հայաստանի իրավունքներին, կարծում եմ, շատ վտանգավոր է։
– Ինչպե՞ս հասնել նրան, որ ամերիկացի ու եվրոպացի միջնորդները հստակ հայտարարեն, որ ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում են օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները, և դա անհամատեղելի է որևէ արժանահավատ խաղաղ համաձայնագրի հետ։
– Ես կարծում եմ, որ այդպիսի հայտարարության Հայաստանը հասնել չի կարող։ Իմ կարծիքով՝ դա մի քիչ պատրանքային է, որովհետև այստեղ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե արդյո՞ք Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ կլինեն այնպիսին, որ Հայաստանի հետ կապված հարցը կփորձեն օգտագործել Ադրբեջանի դեմ։ Եթե այդպիսի հանգամանք չլինի, ապա մի քիչ պատրանքային եմ համարում, թե Հայաստանը կարող է հասնել նրան, որ Եվրոպան և ԱՄՆ-ն այդ տարածքները համարեն օկուպացված։
Մի ճշգրտում անեմ․ սա բացարձակապես չի նշանակում, որ Հայաստանն ինքը պետք է նահանջի իր գնահատականից և վերաբերմունքից։ Այսինքն՝ Հայաստանի ելակետը չպետք է լինի այն, որ մենք որևէ գերտերության չենք կարող հասցնել այդ գնահատականը, ուրեմն պետք է հրաժարվենք մեր գնահատականից, որովհետև մեր դեպքում խոսքը ոչ թե գնահատականի, այլ իրավունքի մասին է։ Եվ, ի վերջո, միջազգային հարթակում վերաբերմունքը պետությունների հանդեպ ձևավորվում է նաև նրանով, թե այդ պետությունները որքանով են հստակ, փաստարկված և հաստատակամ իրենց իրավունքների հարցում։ Եվ բնական է, եթե Հայաստանը իր իրավունքները վերածի ինչ-որ դիվանագիտական մանրադրամի, բնական է, որ մյուսներն էլ Հայաստանի հարցերի հանդեպ ունենալու են նույն մոտեցումը։
– Դուք որքանո՞վ եք կարևորում ԱՄՆ-ի դերակատարումն այս հարցում։
– ԱՄՆ-ն խոշորագույն տերություն է, փաստացի՝ միակ գերտերությունն է իր մասշտաբով և իր տրամաբանությամբ, և այս տեսանկյունից ցանկացած հարցում Միացյալ Նահանգների դերակատարումը, անշուշտ, կարևոր է։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ի դերը ամենակարող չէ, ինչ-որ կախարդական փայտիկի դեր չունի։ Այնպես չէ, որ բոլոր հարցերը կախված են Միացյալ Նահանգներից։ Միացյալ Նահանգներն ընդամենը միջուկային կայսրություններից մեկն է, և բնականաբար ցանկացած հարցում հարցին վերաբերում է այնպես, ինչպես մյուս գերտերությունները։ Այսինքն՝ եթե շահերը համընկնեն, այդ հարցերով կզբաղվեն, եթե ոչ՝ բնականաբար ակնկալել, որ Միացյալ Նահանգները ինչ-որ մոգական ազդեցություն կունենան, հնարավոր չէ։
Աննա Մեկունց