13 հունվարի 2026 – 17:22 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 13-ին՝ ժամը 10:18-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է ահազանգ այն մասին, որ «Զանգեր» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով կանգ է առել, ինչի հետևանքով երթևեկությունը դադարել է մի ուղղությամբ։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել է, որ պահանջվել է փրկարարների միջամտությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ճանապարհի 167-րդ կիլոմետրում կանգ է առել «Volvo» մակնիշի բեռնատարը, որի հետևանքով երթևեկությունը եղել է միակողմանիորեն դադարեցված։
Փրկարարներն իրականացրել են անհրաժեշտ աշխատանքները և դուրս են բերել արգելափակված բեռնատարը․ երթևեկությունն այժմ վերականգնվել է երկկողմանի։