Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհվել է մոտ 2000 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անանուն իրանցի պաշտոնյայի։
Ըստ աղբյուրի՝ զոհերի թվում կան ինչպես բողոքի ցույցերի մասնակիցներ, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցներ, սակայն հստակ չի նշվում, թե նրանց շարքերում զորքերի թիվը։ Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ մարդկանց մահվան համար պատասխանատվությունը կրում են «ահաբեկիչները», բայց այլ մանրամասներ չի հաղորդել։ Պարբերականը նշում է, որ սա զոհերի նման մեծ թվի առաջին պաշտոնական խոստովանությունն է երկրում լայնածավալ բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր։
Իրանում ցույցերը սկսվել են դեկտեմբերի վերջին՝ երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի պատճառով։ Դրանք համընկել են միջազգային ճնշման ուժեղացման հետ, որը հաջորդել էր 2025 թվականի հունիսին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներին։
Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների արտադրանքի նկատմամբ 25% ներկրման մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա նաև հավանական է համարել հետագա ռազմական քայլերը՝ ի պատասխան Թեհրանի գործողությունների։
Իրանի իշխանությունները դեռևս հրապարակավ չեն մեկնաբանել Վաշինգտոնի որոշումը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախաձեռնությունը քննադատել է Չինաստանը։ Պարբերականը հիշեցնում է, որ ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանն իր նավթի զգալի մասն արտահանում է Չինաստան, ինչպես նաև Թուրքիա, Իրաք, ԱՄԷ և Հնդկաստան։
