«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Մայքլ Քերիկը կստանձնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է հեղինակավոր The Athletic պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիական ակումբն արդեն համաձայնության է եկել 44-ամյա մասնագետի հետ նշանակման վերաբերյալ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ թափուր պաշտոնին հավակնում է նաև թիմի մեկ այլ նախկին ֆուտբոլիստ և մարզիչ՝ Ուլե-Գունար Սուլշերը։
Հիշեցնենք, որ Քերիկը 2018-ից 2021 թվականներին ընդգրկված է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում, իսկ 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ժամանակավորապես կատարել է գլխավոր մարզչի պարտականությունները։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21 տուրից հետո «կարմիր սատանաները» վաստակել են 32 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Հունվարի 5-ին ակումբը պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի պաշտոնանկության մասին։