Առաջին անգամ Հայաստանում․ ԵՊՀ-ում ուսումնասիրում են ապտամերները՝ վիրուսների դեմ պայքարի նոր ուղի․ «Մտքի ուժը»

Նանոմեմբրանները բարակ, ճկուն թաղանթներ են։ Արտադրվում են հայազգի հանճարեղ ու աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանի ղեկավարած լաբորատորիայում, որը ներառված է Դուբնայի միջուկային հետազոտությունների միջազգային կենտրոնի կազմում։ 2021 թվականին ակադեմիկոս Հովհաննիսյանն առաջարկում է ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս, քարտուղար Ռուբեն Հարությունյանին միավորել Հայաստանի կենսաբաններին ու ձևավորել գիտական խումբ՝ համատեղ աշխատանքներ կատարելու համար։

Գիտնականը պատմում է․«Իրենց լաբորատորիան արտադրում է նանոմեմբրաններ, որոնք ունեն ճշգրիտ անցքեր։ Դրանք օգտագործում են տարբեր նպատակներով՝ դիալիզից մինչև կորոնավիրուսի համար անհրաժեշտ դիմակներ։ Քանի որ կորոնավիրուսը մոտավորապես ունի 150 նանոմետր մեծություն, այլ բջիջներ չանցնելու համար պետք է ունենային շատ փոքր անցքեր, որոշեցին մեծ անցքերով դիմակներ արտադրել, անցքերի մեջ տեղադրել հակավիրուսային նյութեր»։

Աշխատանքը կատարվեց հանրահայտ համեմունք քրքումի կազմի մեջ մտնող կուրկումին նյութը տեղադրելով նանոանցքերի մեջ։ Այդ ուսումնասիրությունը կատարվեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի վիրուսաբանների մասնակցությամբ։ Հետազոտության հաջորդ փուլում որոշվեց փորձել ոչ թե հակամարմիններով պայքարել վիրուսների դեմ, այլ քիմիական ձևով սինթեզված ԴՆԹ կամ ՌՆԹ հատվածներով՝ ապտամերներով։ Նանոմեբրանների կիրառության գաղափարը ձևափոխվեց ու վերածվեց հակավիրուսային ակտիվությամբ օժտված նյութերի հետաքրքիր տեսակի՝ հիմք դնելով ապտամերների հետազոտությանը։ Հայաստանում նման հետազոտություն առաջին անգամ է կատարվում՝ պատմում է պրոֆեսորը։

Գիտական հետազոտություններում ընդգրկվեց նաև ԵՊՀ կենաբանության ֆակուլտետի կենսաբանություն գիտահետազոտական ինստիտուտի ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Հովհաննես Իգիթյանը։ Ավելին՝ նրա ասպիրանտական թեման հենց ապտամերներին է վերաբերում։ Այս ուղղությունը Հայաստանում նոր է, ապտամերները կարող են դառնալ նոր ու զարգացող գիտության ճյուղ, ասում է Հովհաննես Իգիթյանը։ Նշում է՝  հնարավորությունը կա, բայց հաջողությունը տարիների ինտենսիվ աշխատանքից է կախված։

Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի գիտական խումբը տրամադրում է նոր ապտամերներ, որոնց հակավիրուսային ակտիվությունը և գենետիկական էֆեկտները հայ գիտնականներն են գնահատում։ Պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանն ընդգծում է։ «Ապտամերները երբեք չեն ուսումնասիրվել Հայաստանում։ Մեր գիտական խումբն առաջինն էր»։ 

Թեման այնքան հետաքրքիր ու ակտուալ է, որ դրամաշնորհ ստացավ Բարձրագուն կրթության ու գիտության կոմիտեի կողմից։ Այլ գիտնականներ նույնպես զբաղվում են ապտամերների ընդհանուր հետազոտություններով։ Հովհաննեսը կոնկրետ գնահատում է ապտամերների գենաթունայնությունը։  

Առաջադրանքը՝ գենաթունայնության կամ բջջաթունայնության գնահատումն է, այս դեպքում նաև այլ մասնագետների կարիք է լինելու՝ ասում է Հովհաննես Իգիթյանը։ Գիտահետազոտական աշխատանքները կատարվում են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գնետիկայի ու բջջաբանության ամբիոնի ու կենսաբանության ինստիտուտի ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի գործունեության շրջանակներում։

Պատմելով ամբիոնի գործունեության մասին, ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը նշում է, որ ամբիոնում ուսանողները ձեռք են բերում տեսական գիտելիքներ և լաբորատոր հմտություններ։ Արդեն երեք տարի է, ինչ ամբիոնին կից գործում է «Գենոմիկա և բժշկական բջջագենետիկա» մագիստրոսական ծրագիրը։ Շրջանավարտները կարող են աշխատել գենետիկայի տարբեր ուղղություներով՝ ինչպես գիտահետազոտական ինստիտուտներում, այնպես էլ՝ ախտորոշիչ բժշկական լաբորատորիաներում։ 

Leave a Comment