Իրանում 12 օր է՝ չեն դադարում բողոքի ցույցերը: Հարևան Իրանում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ կարելի է ստանալ երկու աղբյուրից միայն՝ այն էլ իրարամերժ շեշտադրումներով ու նկարագրությամբ: Իրանական պետական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է, ընդունելի են ակցիայի մասնակիցների պահանջները, իսկ արևմտյան ԶԼՄ-ներից ու համագործակցող իրավապաշտպան կազմակերպություններից տեղեկանում ենք, որ զանգվածային ակցիաները մասսայական բնույթ են կրում:
Անցած 9 օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ է իր երկրի ժողովրդին դիմում Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին: Նրա ուղերձի շեշտադրումները գրեթե անփոփոխ են: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը խոստանում է, որ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի ցուցարարների առջև, որոնց նա անվանել է վնասարարներ։ Այաթոլլա Խամենեին իր հեռուստաուղերձում հայտարարել է, որ փողոց դուրս եկած և ամեն ինչ ավերող ցուցարարները փորձում են հաճոյանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա քաղաքացիներին կոչ է արել հույսեր չկապել ամերիկյան նախագահի հետ։ Խամենեին դիմել է նաև Թրամփին և կոչ է արել զբաղվելու սեփական երկրի գործերով:
Մինչև այս ուղերձը ԱՄՆ նախագահը սպառնացել էր Իրանի իշխանություններին։ Դոնալդ Թրամփը ուղիղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ուժեղ հարված կհասցնի Իրանին, եթե այնտեղ ցուցարարներ սպանվեն: Այս մասին, ըստ Թրամփի, Թեհրանը տեղյակ է: «Ես նրանց հստակ ասել եմ` եթե սկսեն մարդկանց սպանել, մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք»,- ասել էր Թրամփը՝ նշելով, որ ուշադիր հետևում է բողոքի ցույցերին։
Ուղիղ սպառնալիքների և երկրների ներքին գործերին միջամտելու փորձ կատարելու մեղադրանքների ֆոնին ազգային փոխարժեքի՝ ռիալի արժեզրկումի պատճառով սկսված և հակակառավարական կարգախոսներով ընթացող ցույցերը Իրանում շարունակվում են: Հունվարի 8-ին տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը։ Դրանք ուղեկցվել են նաև խժդժություններով։ Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, բախումներ են եղել մի կողմից անվտանգության ուժերի, մյուսից՝ ցուցարարների մեջ ներթափանցած արմատական տրամադրություններով անձանց ու սադրիչների միջև։
Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ։ Միջազգային ԶԼՄ-ները 4 տասնակ զոհերի մասին են խոսում, և հազարավոր վիրավորների: Զոհեր կան և ցուցարաների և իրավապահների շրջանում: Հունվարի 8-ի երեկոյան Իրանում անջատվել է ինտերնետ կապը։ Ըստ իրավապաշտպանների, դա արվել է իրավիճակը վերահսկողության տակ պահելու նկատառումով, սակայն ցուցարարներին օգնության է հասել Իլոն Մասկը: Նա ցուցարարներին Starlink-ի կապից օգտվելու անվճար հանրավորություն է ընձեռել: Սահմանափակումներով է աշխատում հեռախոսակապը, տեղական լրատվական կայքերը թարմացվում են խափանումներով, դեպի Թեհրան և այլ քաղաքներ մի շարք չվերթեր են չեղարկվել:
Ըստ վերջին տեղեկությունների, իրավիճակը պետական մարմինների կառավարելիության շրջանակում է, չնայած նկատելի ռիսկեր կան։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը ներկայացրել արտաքին դերակատարների մասնակցությունը: Ըստ նրա՝ Իրանի հարցում հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։ Իրանագետը գրում է, որ իսրայելական կողմը քարոզչական բոլոր խողովակներով և Իրանի ներսում ունեցած ցանցի միջոցով փորձում է օգնել, որ բողոքի գործողությունների առաջնորդությունը ստանձնի Իրանի գահընկեց շահի որդին, ինչին նա դեմ չէ։ Բողոքի մասնակիցների առանձին խմբեր հնչեցնում են նրա անունը, բայց, օրինակ՝ քրդաբնակ շրջանների ցուցարարները հրաժարվում են իրենց բողոքն ասոցացնել այդ անձի հետ։ Ըստ իրանագետի՝ ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին հարցազրուցից պարզ է, որ նա դեռևս չի ընդունելու շահի որդուն, ինչը լուրջ ազդակ կլիներ վերջինիս հեղինակության աճի համար։ Վերլուծելով իրավիճակը՝ Վարդան Ոսկանյանը եզրակացնում է, որ տնտեսական տևական ճգնաժամի ամենամեծ վտանգն այն է, որ ցուցարարների բողոքը տեղափոխում է առանձին սոցիալ-տնտեսական պահանջների տիրույթից դեպի ամբողջ գաղափարախոսության և կենսակերպի մերժում, ինչը չափազանց բարդացնում է ցանկացած փոխզիջում, ուստի տնտեսական հարցերի օպերատիվ լուծումները պետք է ուղեկցվեն աստիճանական, բայց լայնածավալ լրջագույն բարեփոխումներով։
Հունվարի 9-ի ուղերձում Այաթոլլա Խամենեին իրանցիներին ազգային միասնության կոչ է արել։